Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղության կրակ բացելու պնդումը։

Բաքուն մասնավորապես պնդել է, թե ապրիլի 28-ին, ժամը 00:25-ին, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից փոքր տրամաչափի զենքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

ՊՆ-ը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այս առաջարկը մինչ օրս անպատասխան է թողել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Վերջին շաբաթներին Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG