«Պահանջում ենք 24 ժամվա մեջ մեր հարցին հստակ պատասխան տան». բեռնատարների վարորդները կրկին ակցիա են անում
Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր մնալու որոշումից դժգոհ բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության առջև էին։
«Խնդրում ու պահանջում ենք 24 ժամվա մեջ մեր հարցին հստակ պատասխան տան։ Ոնց հասկանում ենք՝ մեր խնդիրը այդպես էլ լուծում չստացավ», - հայտարարեց նրանցից մեկը։
Վերջին երկու շաբաթում երկրորդ նամակը փոխանցեցին՝ ուղղված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներին։
«Լուծման տարբերակ ենք առաջարկում՝ մեր ղեկավարությունը դիմի Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին, որպեսզի ժամանակավորապես կասեցնեն օրենքի կիրառումը, համենայն դեպս գոնե վարորդների մասով, որովհետև ուղղակի կաթվածահար է անելու մեր արտահանումներն էլ, ներմուծումներն էլ», - ներկայացրեց մեկ այլ վարորդ։
Վարորդները պնդում են, եթե Հայաստանը չկարողանա Ռուսաստանին բացատրել, որ հայ բեռնափոխադրողներն 90 օրվա մեծ մասը Լարսի հերթերում են անցկացնում և ժամկետը չգերազանցելու տարբերակ չկա, ապա Հայաստանի բեռնատարների բոլոր վարորդները շուտով Ռուսաստանից արտաքսված կլինեն երեքից 10 տարվա վերադարձի արգելքով։
Կառավարությունը զբաղվում է խնդրով. Միրզոյան
Մինչ բեռնատարների վարորդներն իրենց հարցին պատասխանելու համար 24 ժամ տվեցին կառավարությանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջել։
«Մենք կարծում ենք, որ այդպես չի, բայց եթե տեսականորեն չի կարելի բացառել, որ այս հապաղումները այս կամ այն քննարկված երկրների կողմից ունեն որոշակի միտում, քաղաքական նշանակություն՝ կիրառվել իբրև լծակ Հայաստանի վրա այս կամ այն քաղաքական դիրքորոշման համար կամ այդ դիրքորոշման հասնելու համար։ Եթե սա է իմաստը, ապա այս քաղաքականությունը թերևս այդքան էլ հեռանկարային չի, որովհետև մենք շատ ճկուն ենք, մենք շատ հավատարիմ ենք, մենք շատ ուզում ենք խորացնենք մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց իհարկե այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխանության հաշվին», - ասաց Միրզոյանը։
Նախորդ ուրբաթ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստում քննարկվել են նաև հայ բեռնատարների վարորդների խնդիրները։ Նիստին Երևանից տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հասկանում է հարցի հրատապությունը և շրջանառության մեջ է դրել օրենքի փոփոխության նախագիծ։
Նեղսրտած վարորդներն էլ հարցնում են՝ իսկ մինչև այդ ի՞նչ անեն. «Մինչև հիմա էլ ասենք բերքեր ունեն ժողովուրդը, մենք չենք կարում արտահանենք։ Հա՛մ իրենք են լռվել մնացել, հա՛մ՝ մենք, ինչի՞ համար, 90 օրներս լրացել է։ Բանկային հարցեր ունենք, պիտի աշխատենք, բերենք, վերջը մենք հարկեր, տուրքերն էլ պիտի տանք»։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասաց՝ կառավարությունը զբաղվում է խնդրով, սակայն եթե ընդդիմադիր պատգամավորներին դա չի գոհացնում, կարող են իրենց կապերով փորձել ռուսական կողմից ճշտել եղելությունը։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հակադարձեց. «Ես հասկացա, որ և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության այս կնճռոտ հարցերով ես պիտի զբաղվեմ։ Վաղվանից փորձեմ մի հատ զանգեմ արտգործնախարարին, երկրներին, փորձեմ տեսնեմ՝ ոնց եմ այդ հարցերը կարգավորում»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Միրզոյանից հետաքրքրվեց՝ եթե հարաբերությունները լավ են Ռուսաստանի ու Վրաստանի հետ, ապա ինչո՞ւ են վարորդները բողոքում, թե Վրաստանում կաշառքով են լուծում իրենց հարցերը, իսկ հայկական խմիչքն էլ արտահանման ընթացքում խնդիրների է բախվում։
«Մտածենք իրավիճակ, որ ո՛չ 90 օրն է խնդիր, ո՛չ արհեստական ձգձգում կամ այլ, ուղղակի այն, ինչ որ գրվում է թղթում, այս ապրանքը չի համապատասխանում այդ նկարագրին, ինչ որ տարվում է։ Դիցուք, օրինակ, գրված է կոնյակ, բովանդակությունը այդքան էլ կոնյակ չի, կամ գրված է կաթնամթերք, բայց X ապրանքում չի համապատասխանում սահմանված տոկոսին և այլն։ Այստեղ չի կարող Հայաստանի Հանրապետության կառավարությունը անընդհատ խնդրի ընդունել ևս 10 բեռնատար մի ապրանքի, որ այդքան էլ այդ ապրանք չի: Ռազմավարական առումով այս ճանապարհը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի և մեր տնտեսությանն էլ օգուտ չի լինի», - նշեց Միրզոյանը։
Կառավարության առջև հավաքված վարորդներն ասում են՝ ուրբաթ ԵԱՏՄ-ի նիստից հետո չստացան իրենց հարցի պատասխանը։ Եթե այսօրվա նամակից հետո էլ իրենց հարցերն օդում մնան, խաղաղ ակցիաները վերսկսելու են։
«Ինչպես եղավ մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսային անցակետում, Բավրայում, Գոգավանում, մեքենաները կկանգնեն ճանապարհին, բեռնատարները, մենք մարդատար մեքենաների հետ գործ չունենք։ Երբ որ մեր վրացի, կազախ վարորդները, կիրգիզ վարորդները բարձած մտնեն Հայաստան և չկարողանան առաջանալ, զանգելու են իրենց պետություն, որ այսպիսի խնդիր կա: Հարցի լուծումը ոնց հասկանում ենք այդպես պիտի լինի, մենակ մեզնով հարցի լուծում այս պահին, ոնց հասկանում եմ, չի լինելու», - ընդգծեց հավաքվածներից մեկը։
Թեև Ռուսաստանում միգրացիոն խստացումների մասին օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, վարորդները ասում են՝ վերջին մեկուկես ամսում են հատկապես տուգանքներն ու արտաքսումները կտրուկ ավելացել: Պնդում են՝ ռուսական իշխանությունները տուգանում, ձերբակալում, հաճախ նաև կալանավորում են նրանց, որոնք սահմանված 90-օրյա ժամկետն անգամ 48 ժամով են գերազանցել: