Մատչելիության հղումներ

Մոտ 250 բեռնատար է կուտակվել Բագրատաշենի անցակետում. վարորդները ակցիա են իրականացնում


Բագրատաշենի անցակետի մոտ շուրջ 250 բեռնատար է կուտակվել: Բեռնատարների հայ վարորդները, որոնք երեկվանից այստեղ բողոքի ակցիա են իրականացնում, փակել են ճանապարհը: Այս ակցիայի պատճառով անցակետը երկկողմանի փակ է: Մուտքը մարդատար մեքենաների համար, սակայն, բաց է:

Բեռնատարների վարորդները պահանջում են Ռուսաստանի հետ համաձայնության գալ, որպեսզի գոնե մինչև ուրբաթ օրը հնարավորություն ունենան անարգել մուտք գործել ՌԴ և առանց արտաքսման հնարավորության վերադառնալ Հայաստան։ Նրանք այս նույն պահանջով վերջին օրերին ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Այժմ նրանք տարբեր անցակետերում, այդ թվում նաև Բավրայում և Գոգավանում են բողոքի ակցիա անցկացնում։

Այստեղ բեռնատարների թիվը գնալով ավելանում է:

Վարորդներն ասում են՝ իրենց բողոքը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունից հստակ պատասխան չեն ստացել։ Երեկ նրանց հետ հանդիպման ժամանակ կառավարության անդամները նշել են, որ ուրբաթ օրն է նախատեսված ԵԱՏՄ-ում քննարկել այս հարցը։ Վարորդների խոսքով՝ բավականին մեծ կուտակումներ այս պահին նաև Լարսի անցակետում կան: Այնտեղ գտնվող բեռնատարների վարորդները մտավախություն ունեն, որ սահմանն անցնելու դեպքում կարող են արտաքսման վտանգի առաջ կանգնել:

Բագրատաշենի անցակետը փակած վարորդները մինչև օրվա ավարտն են ժամանակ տվել գործադիրին, սպառնում են ճանապարհը փակել նաև մարդատար մեքենաների համար:

ՌԴ-ի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով վարորդները տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ ՌԴ տարածքում: Այս ժամկետը խախտողները տուգանվում են, անգամ ձերբակալվում ու արտաքսվում ՌԴ-ից՝ 3-5 տարվա մուտքի արգելքով: Վարորդները պնդում են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետև դրա մեծ մասը Լարսում են անցկացնում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Պապոյանի խոսքով՝ երբ այդ որոշումը ՌԴ-ում ուժի մեջ է մտել, իրենք սկսել են աշխատել ռուս գործընկերների հետ, նամակ են ուղարկել, հետո ուղիղ բանակցել ու ստացել արձագանք, որ հասկանում են, պրոբլեմը կփորձենք լուծել: Այնուհետև, ըստ նախարարի, ստացել են տեղեկություն, որ ինչ-որ գործընթաց սկսվել է, այսինքն՝ նախագիծ է մշակվել, որը ներքին շրջանառության մեջ է:

Պապոյանն ընդգծել է՝ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ-ի նիստում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG