Մատչելիության հղումներ

«Մեզ ոչ մեկը չի լսում էս երկրում». բեռնատարների վարորդները կառավարությունից պահանջում են ՌԴ-ի հետ բանակցություններն արագացնել


Կառավարության շենքի առջև արդեն երրորդ անգամ բողոքի դուրս եկած բեռնատարների վարորդներն ահազանգում են՝ ամեն օր ավելանում է Ռուսաստանում տուգանված ու 3-5 տարով մուտքի արգելք ստացած վարորդների թիվը:

«Ոնց ուզում եք նայեք, էսօր Հայաստանի տնտեսությունը, եթե ոչ ավել՝ 80 %-ով կախված է Ռուսաստանից։ Եթե մենք Ռուսաստանի դեմ ուլտիմատում ենք ուզում դնենք, նախօրոք այս բոլոր հարցերին լուծում տալուց հետո նոր պետք էր ուլտիմատում դնել։ Հիմա վարորդների խնդիրն է, ժամանակ հետո արդեն դառնալու է մեծ բիզնես ունեցող մարդկանց խնդիրը, հետո մանր ու միջին, որովհետև նման խնդիրը, եթե վերաբերում է հիմա վարորդներին, կամաց-կամաց վերաբերելու է բոլորին, ընդհուպ ձեզ, որովհետև էն, ինչ գալիս է Ռուսաստանից, վերաբերում է մեզ բոլորիս, բոլորիս ընտանիքներին», - ասաց վարորդներից մեկը:

Վարորդները պահանջում են, որ կառավարությունն արագացնի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ նշելով, որ ՌԴ-ի սահմանած 90 օրը բավարար չէ, քանի որ դրա կեսը Վերին Լարսում են անցկացնում, իսկ ժամկետը գերազանցելու դեպքում՝ տուն վերադառնալն արդեն դառնում է գրեթե անհնար, վերադարձողներն էլ հետո զրկվում են աշխատանքից, որովհետև այլևս չեն կարող բեռներ տանել Ռուսաստան:

Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենքները: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանում չեն աշխատում, մեկ տարվա ընթացքում կարող են այնտեղ մնալ ոչ թե 180, այլ 90 օր։

Նախորդ շաբաթ բողոքի ակցիայի դուրս եկած վարորդներին մոտեցած Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր՝ տեղյակ են, զբաղվում են, չի կարող մանրամասներ ասել, որ գործին չվնասի: Նախարարը վարորդներին ասել էր՝ դրական ազդակներ կան: Այդ ազդակները ճշտելու համար այսօր վարորդները փորձեցին հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նամակ ունեին հանձնելու: Նրանցից 7 հոգու կառավարությունից ընդունեցին, ընդունողը, սակայն Մհեր Գրիգորյանը չէր:

«էն օրը, որ Պապոյանն ասեց՝ ազդակ ունենք, ոչ մի ազդակ էլ չկա, սաղ սուտ է», «Դիմումը տվել ենք, բայց ոչ մի բան չկա, ասին՝ աշխատում են էս ուղղությամբ, կոնկրետ էս պահին ոչ մեկ, ոչ մի պատասխան չի կարա տա, հիմնականում կախված է Ռուսաստանի Դաշնությունից, պիտի օրենքի փոփոխություն անի: Մարդիկ ունենք, որ այնտեղ դեպորտի տակ են, ձերբակալված են, ոչ մի տեղեկություն չկա, էստեղ էլ մարդիկ բարձած կանգնած են, 200- 300 հոգի մարդիկ ոչ մեկ, ոչ մի ուղղությամբ չի կարողանում գնա», «Մեզ ոչ մեկը չի լսում էս երկրում: Մի տարբերակ կա մեզ լսելու, եթե մինչև ժամը 5-ը պատասխան չտվեցին, լրիվ կաթվածահար ենք անում Հայաստանի Հանրապետությունը, լրիվ սահմանները փակում ենք, Երևան քաղաքը փակում ենք՝ մեր բեռնատարներով», - ասացին վարորդները:

Կառավարության շենքից դժգոհ դուրս եկած վարորդները բողոքի ակցիայով գնացին ՌԴ դեսպանատուն: Այստեղ նրանց ոչ ոք չընդունեց, ասացին բողոքը ներկայացնել գրավոր: Վարորդներին փոխանցել են. «Ասում են՝ մենակ նամակ գրեք, գցեք տուփի մեջ: Տղեք, փակելուց երկու բեռնատար էլ էստեղ կփակենք, որ ո՛չ դուրս գան, ո՛չ մտնեն»:

Օրվա ավարտին մի խումբ վարորդների էր ընդունել Տարածքային կառավարման փոխնախարարը ու հուսադրել՝ խնդրով ինտենսիվ են զբաղվում: Մյուս խումբն այս պահին Հայաստանի տարբեր անցակետերում բողոքի ակցիաներ է կազմակերպում. «Պետք է սահմանները փակվի, որ ոչ մի այլ երկրի բեռնատար ներս չմտնի Հայաստան, արդեն իրենք կզգան, թե ինչ է նշանակում մեր դեմ արգելք դնելը»,- ասում էին ակցիայի մասնակից բեռնատարների վարորդները:

XS
SM
MD
LG