Եվրասիական տնտեսական խորհրդի այսօրվա նիստին քննարկվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանում գտնվելու տևողության սահմանափակման հարցը, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության՝ նշվել է նաև, որ ՌԴ-ի պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
Նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՌԴ-ի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով հայ բեռնատարների վարորդները, որ արդեն մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել, տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ ՌԴ տարածքում: Այս ժամկետը խախտողները տուգանվում են, անգամ ձերբակալվում ու արտաքսվում ՌԴ-ից՝ 3-5 տարվա մուտքի արգելքով: Բողոքի ցույցի դուրս եկած վարորդները պնդել են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետև դրա մեծ մասը Լարսում են անցկացնում: