Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Այդ մասին ասված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Միացյալ Նահանգների նախագահի հղած նամակում:
«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ», - ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանին գրել է Բայդենը:
Ինչպես և Ադրբեջանի նախագահին հղած նամակում, որը երեկ է հրապարակվել, ԱՄՆ նախագահը նշում է՝ ուրախ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը «կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները»:
Հայաստանի ղեկավարին ևս Բայդենը վստահեցնում է՝ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը», - համոզված է ԱՄՆ նախագահը:
«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը», - գրում է Բայդենը Փաշինյանին:
«Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի նամակում:
Իլհամ Ալիևին հղած նամակում, որը ևս Բաքվին փոխանցել էր Մայքլ Քարփենթերը, Ջո Բայդենը հիշատակել էր նաև Ադրբեջանի մայրաքաղաքում եկող ամիս անցկացվելիք COP29 համաժողովը՝ գրելով. - «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։
Ադրբեջանի նախագահին նույնպես ԱՄՆ նախագահը հորդորել է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:
Մայքլ Քարփենթերը երեկ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել Բաքվում, այսօր Երևանում ԱՄՆ նախագահի օգնականին ընդունել են Հայաստանի ղեկավարները:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կայացած հանդիպմանը Էնթոնի Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար: