Մատչելիության հղումներ

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, հայտնում են կառավարությունից։

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտնել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին և ընդգծել ՀՀ-ի պատրաստակամությունը՝ համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրն ու շարունակելու հետագա քննարկումները մյուս հարցերի շուրջ: Բաքուն սա մերժում է։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում նրանք կարևորել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետն ու դեսպանները խոսել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մանրամասներ, սակայն, չեն ներկայացվում։

Կառավարության «խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, արևելքից արևմուտք ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա, պաշտոնական Երևանի հաշվարկով՝ կստեղծվեն ենթակառուցվածքներ, փոխադարձ տնտեսական կախվածություն, ինչն էլ խաղաղություն երաշխիք կլինի։

Դեսպանների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ համագործակցությանը. վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ:

Վասիլիս Մարագոսն իր հերթին կարևորել է նաև վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկը, ԵՄ խաղաղության հիմնադրամից օժանդակություն ցուցաբերելու որոշումը:

Այս տարվա հուլիսին հաղորդվեց, որ Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի սկզբին էլ հաղորդվեց, որ Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG