Մատչելիության հղումներ

ՔՊ փոխնախագահ. «Չեմ կարող բացառել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում հարձակման համար»


ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյան, արխիվ
ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս չի բացառում, որ Բաքուն հող է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար։

«Չեմ կարող բացառել, որ Ադրբեջանը, տորպեդահարելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ու չգալով լուծման՝ փաստացի հող է նախապատրաստում իր հարձակման համար, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հարձակում անելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Մոտ երկու ամիս է՝ Բաքվից չեն արձագանքում խաղաղության պայմանագրի տասներորդ տարբերակին, որը Հայաստանն ուղարկել էր օգոստոսի վերջին։ Այս շաբաթներին հետևողականորեն մերժել են նախագծի համաձայնեցված հոդվածները ստորագրելու, մյուսներն ապագային թողնելու Երևանի առաջարկը։

«Մենք երբեք չենք ասել, որ Ադրբեջանը ինքը հենց ցանկանում է խաղաղություն, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է խաղաղության համար: Մենք նման հայտարարություն չենք արել, որ մի հատ էլ ընդդիմադիր դաշտը լծված լինի դա հերքելուն: Մենք ասել ենք, որ մե՛ր նպատակն է՝ հաստատել խաղաղություն, որ դա մե՛ր օրակարգն է՝ հաստատել խաղաղություն ու կնքել խաղաղության պայմանագիր», - նշեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Բաքուն հրապարակավ չի պատասխանել նաև վարչապետ Փաշինյանի առաջարկին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները, և նախքան Բաքվում COP29 համաժողովը ստորագրվի փաստաթուղթը:

Ըստ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ Փաշինյանն Ալիևին այս առաջարկն արել է Մոսկվայում հոկտեմբերի սկզբի այցի օրերին։ Բաքվի լռությունն արդյո՞ք չի նշանակում, որ խաղաղության բանակցությունները փակուղում են։

«Թե՛ վարչապետի, թե՛ նախարարի արտաքին գործերի, թե՛ Ազգային ժողովի ներկայացուցիչների մակարդակով պետք է շարունակել և գուցե է՛լ ավելի ինտենսիվացնել՝ էն կոնտեքստով, որ աշխարհին պետք է շատ հստակ մատնացույց անել փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրի ստորագրման և խաղաղության հաստատման համար, իսկ Ադրբեջանը փաստացի տորպեդահարում է այդ գործընթացը՝ հող նախապատրաստելով հարձակման համար», - ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:

«Ադրբեջանն առանց պատերազմի էլ հասնում է ուզածին»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան, արխիվ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան, արխիվ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ, համոզված է՝ «աշխարհին որևէ բան ցույց տալու կարիք չկա, որովհետև աշխարհ կոչվածը կամ գլխավոր դերակատարները, որոնք ներգրավված են մեր տարածաշրջանում, առանց այդ փորձերի էլ հասկանում են, թե որ կողմն է ապակառուցողական, որը՝ ոչ»։

«Այստեղ խնդիրը այն է՝ արդյոք պատրա՞ստ են այդ դերակատարները ինչ-որ հավելյալ լծակներ կիրառել, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ունե՞ն համապատասխան քաղաքական կամք և հնարավորություններ. ես վստահ չեմ, որ այս ամենը առկա են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր հատկանիշներից է՝ ամեն ինչ անել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար, քննադատում է քաղաքագետը և շեշտում՝ կառավարության անելիքը ցույց տալը չէ, սեփական քաղաքականության հետևից գնալն է. - «Նույն հարցի վերաբերյալ մի քանի ամսվա տարբերությամբ հակառակ, տարբերվող կարծիքներ չհայտնել, հետևողականորեն աշխատել բոլոր գործընկերների հետ՝ քաղաքական աջակցություն ստանալու համար»:

Իշխանության ներկայացուցչի՝ պատերազմի սպառնալիքի կանխատեսումներին էլ Գրիգորյանը համաձայն չէ. Ադրբեջանն, ըստ նրա, առանց պատերազմի էլ հասնում է ուզածին։

«Այս փուլում Ադրբեջանին, մեծ հաշվով, պատերազմ պետք չէ ինչ-որ նպատակների հասնելու համար: Որովհետև եթե կա գիտակցումը, որ քո հակառակորդը ցանկանում է ամեն գնով ստանալ ինչ-որ փաստաթուղթ, նույնիսկ եթե այդ փաստաթուղթը բովանդակություն չունի, դու օգտագործում ես այդ ցանկությունը հավելյալ պահանջներ առաջ քաշելու, հավելյալ զիջումների հասնելու համար», - ընդգծեց քաղաքագետը:

Խաղաղության պայմանագրի մասին անցած ժամերին խոսել են նաև Վաշինգտոնից։ Ստորագրումը կողմերից է կախված, ոչ թե Միացյալ Նահանգներից, ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ Եվ չնայած Փաշինյանը նախքան COP29-ն է ձգտում հասնել պայմանագրի ստորագրման, Միլլերը նշել է՝ Վաշինգտոնում երբեք այն չեն կապել դրա հետ։ Միացյալ Նահանգները դեռ ամիսներ առաջ էր ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր ստորագրման։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ 2022-ին էր հայտարարում, որ մինչև այդ տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու պայմանավորվածություն կա։ Երկու տարի անց պայմանագրի ստորագրման հարցում որոշակիություն դեռ չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG