Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։
«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», - ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։
Ամիրբեկովն անիրատեսական է համարել առանց բոլոր կետերի վերջնական համաձայնեցման պայմանագիրը կնքելու Հայաստանի առաջարկը։
Նա հավելել է, որ պաշտպանում են «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, սակայն այս հարցը չեն համարում խաղաղության պայմանագրի պարտադիր նախապայման՝ ի տարբերություն Սահմանադրության, որում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են տեսնում»։
«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ «միջանցքը» Երևանի համար կարմիր գիծ է. - «Սահմանադրության հարցը, ես չեմ կարծում, որ եկել ենք հասել այն պահին, որ պետք է որոշում կայացնենք։ Մենք ասել ենք, որ սա է լուծումը, և վստահ ենք այդ լուծման մեջ, բայց ասենք, միջանցքի պարագայում դա մեզ համար կարմիր գիծ է»։
- Սահմանադրության ընդունման հիմքում Անկախության հռչակագրով ամրագրված նպատակներն ու սկզբունքներն են։ Բաքուն խնդրահարույց է համարում հռչակագրում Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հիշատակումը։
- Բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնն ասում է վարչապետ Փաշինյանը, բայց Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջը չի դադարում։
- Հայաստանը նաև հայտարարել է՝ Սահմանադրությունն իր ներքին գործն է։