«Տանտերը կարա ամեն օր էլ զանգի, ասի՝ «դուրս արի, ուրիշ մարդ եմ բերում». - Արցախից տեղահանված 43-ամյա Գոհար Հայրիյանը երեխաների ու ամուսնու հետ դրսում կարող է հայտնվել, եթե այս ամիս էլ չվճարեն տան վարձը։
«Ես իմ էրեխեքին հավաքեմ ո՞ւր գնամ», - ասում է կինը:
Արդեն երեք ամսվա՝ 300 հազար դրամ պարտք են կուտակել։ Տեղահանումից հետո Ապարանի Շենավանում հաստատված ընտանիքը տան վարձը չի կարողանում տալ, քանի որ մայիսից զրկվել են նաև 40+10 հազար դրամ պետական աջակցությունից։ Միայն 46 հազար դրամ անապահովության ու երեխաներից 4-ին տրվող 18-հազարական դրամ նպաստով, Գոհարն ասում է՝ մի կերպ հասցնում են կոմունալները վճարել, մի քիչ էլ՝ սննդին հատկացնել. - «Ութ հոգի ենք, օրվա մեջ երեք անգամ սնվում ենք, ճի՞շտ ա, հոսանքի փող ա, 48 հազար նպաստ եմ ստանում: Կարա՞նք էդքան գոյատևենք»:
Արդեն շուրջ մեկ տարի է՝ Գոհարն ու ամուսինը՝ Մաքսիմը հիմնական աշխատանք չեն կարողանում գտնել։ Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն, նրանց էլ հատուկ խնամք է պետք, ասում է կինը. - «Աչքերի տեսողությունից ա զրկված, մի աչքը վաբշե չի տեսնում, մի աչքը 6 տոկոս ա տենում: Էս մեկն էլ էն ժամանակ արյան հետ խնդիր կար, հետո կայծակնային էպիլեպսիա առաջացավ իրա մոտ»:
Գոհարը չի հասկանում՝ ինչու են իրենց զրկել 50-հազարական դրամ աջակցությունից, որ պետությունը տրամադրում է տեղահանված արցախցի ընտանիքների ամեն մի անդամին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատճառաբանել են, թե իրենք տուն գնելու՝ 10 միլիոն դրամի ծրագրի շահառու են։
«Ասում եմ՝ ո՞նց, ես չհասկացա, ես 21 թվին Արցախում տուն եմ ստացել, խի էս ի՞նչ եմ դառել, ինձ ամեն տեղ տուն ե՞ն տալի», - նշեց կինը:
«Ինչի՞ չեն 23 թվականին, երբ որ մենք եկել ենք Հայաստան, մեզ ասել, որ մենք սերտիֆիկատի շահառու ենք, այլ պահել են մինչև մայիս ամիսը, «40+10»-ը տվել են, ու մայիս ամսվանից, երբ որ հետաքրքրվել ենք խի չի էդ աջակցությունը կա, ասել են՝ «դուք շահառու եք, սպասեք», - ասաց Մաքսիմը:
10 միլիոն դրամանոց սերտիֆիկատի շահառու են համարվել 20 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիից, Հադրութից ու Ղարաբաղի այլ շրջաններից տեղահանված արցախցիները։
«Շուշիում երեք հատ տուն ա եղել՝ մեկը՝ սեփական, մեկը՝ երեք սենյականոց, էս իմ տղուն որ բուժել եմ, մի հատ Ամերիկայից հովանավորող եկել ա առել նվեր տվել իմ տղուն», - պատմեց Գոհարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի խոսքով՝ «անկախ նրանից՝ հայրենակիցը նշված ծրագրի շրջանակում իրացրել է հավաստագիրը, չի իրացրել, հրաժարվել է այդ հավաստագրից, թե արդեն տուն է ձեռք բերել և այլն, բոլոր դեպքերում, եթե քաղաքացին հանդիսանում է անգամ պոտենցիալ շահառու աջակցության ծրագրի, 40+10 հազար դրամ աջակցությունը իրեն չի նշանակվում»։
50-հազարական դրամ աջակցությունից այս պահին ավելի քան 100 հազար արցախցի է օգտվում, նրանց համար էլ ծրագիրը կավարտվի մինչև այս տարեվերջ։ Թե քանի արցախցի է արդեն զրկվել այդ աջակցությունից, հստակ չէ, նախարարությունից հայտնում են, թե դեռ վերջնական թվեր չունեն։ «Ազատությանը» նման խնդրով տասնյակներով քաղաքացիներ են դիմել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին՝ այս պահին «40+10»-ից զրկված արցախցիների համար նոր ծրագիր է քննարկվում։ «Նրանց կեցության ծախսերը հոգալու նպատակով աջակցության որևէ միջոցառում, որևէ սցենար կառաջարկենք: Իսկ այս պահին նախարարությունը դիտարկում է այն բոլոր հնարավոր տարբերակները, որով կկարողանանք հայրենակիցներին աջակցել: Առաջիկայում արդեն կոնկրետ առաջարկ կներկայացնենք նաև հայրենակիցներին», - ասաց Մանուչարյանը:
Թե կոնկրետ ինչ աջակցության մասին է խոսքը և երբ է այն մեկնարկելու, նախարարությունից դեռ չեն հստակեցնում։ Մինչ այդ, Գոհարի բազմազավակ ընտանիքի նման բազմաթիվ ընտանիքներ դեռ սպասում են` ինչ է առաջարկելու Կառավարությունը, ու արդյոք կկարողանան այդ աջակցությամբ գոնե տան վարձի հարցը լուծել։