ԱՄՆ նախագահը նամակ է գրել Հայաստանի վարչապետին
Ջո Բայդենը նաև Նիկոլ Փաշինյանին է նամակ գրել։ ԱՄՆ նախագահի օգնականը այն փոխանցել է Հայաստանի վարչապետին։
Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի՝ դրա բովանդակությունը Հայաստանի կառավարությունը դեռ չի գաղտնազերծել։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկմանն ու համաձայնության հասնելու գործին:
Բայդենի օգնական Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու Բայդենի կոչը, ըստ Արման Եղոյանի, վերջնագիր չէ
Մինչ հայկական կողմը դեռ չի հրապարակել Բայդենի նամակը, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը շատ կարևոր է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ջո Բայդենի ուղերձը։ Կարծում է՝ այն բանակցություններին կարող է դինամիկա հաղորդել։ Բայց, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու Բայդենի կոչը ոչ մի պարագայում վերջնագիր չէր անվանի. դրանից հետո լինում են կտրուկ գործողություններ, իսկ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն այնպիսին չեն, ըստ Եղոյանի, որ վերջնագրերի լեզվով խոսեն։
«Այդ նամակը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված մեր տարածաշրջանում վերջնական ստատուս քվոյի հաստատմամբ, և այդ մասին շատ բաց խոսում է ԱՄՆ նախագահը՝ և' կոմունիկացիաների հետ կապված, և' առևտրի հետ կապված հարցերին անդրադառնալիս», - շեշտեց Արման Եղոյանը։
Իլհամ Ալիևին Ջո Բայդենի նամակը Բաքվում փոխանցեց նրա օգնականը։
ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ բանակցային 2.5 տարվա ընթացքում քննարկումների մի քանի փուլ է կազմակերպել, վերջին անգամ արտգործնախարարները բանակցեցին բանակցեցին Նյու Յորքում, որից հետո այդ հանդիպմանը մասնակցած պետքարտուղարը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:
ԱՄՆ-ն ճիշտ կլինի՝ նաև վեր հանի բոլոր հարցերը, որոնք խանգարում են իրատեսական խաղաղության հասնելուն. Արմեն Ռուստամյան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի սպասում, թե ԱՄՆ նախագահի նամակից հետո խաղաղության պայմանագիր կկնքվի՝ Ադրբեջանն առանց համաձայնագրի էլ իր ուզածին հասնում է։ Իլհամ Ալիևն անընդհատ թարմացնում է պահանջների շարքը, հիմա պայմանագրի ստորագրման նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, Ռուստամյանը միջազգային հանրությունից ակնկալում է՝ այդ պահանջատիրության դեմն առնել։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները, կարծում եմ, ճիշտ կլինի ոչ թե միայն այսպես դեկլարատիվ խաղաղության մղող հայտարարություններ անի, այլ նաև այն բոլոր հարցերը վեր հանեն, որոնք խանգարում են հենց այդ իրատեսական խաղաղության հասնելուն։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի, որոնք ապօրինի գտնվում են բանտերում, առևանգված անձինք, որոնք պահվում են Ադրբեջանում, նրանց նախևառաջ ազատ արձակելու պահանջը պետք է դրվի, կարծում եմ, որպես բոլորի կողմից հստակ պահանջ, որ COP 29 ընդունող երկիրը չի կարող իր մոտ բանտերում ունենալ քաղբանտարկյալներ, առևանգված, պատանդ պահվող անձինք», - ասաց նա։
Հեռացող Ջո Բայդենը նամակը հղեց ամերիկյան նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Բայց, կոչը նաև Բաքվում անցկացվելիք COP 29-ին ընդառաջ է հնչում, երբ, ինչպես ԱՄՆ ղեկավարն էր ձևակերպել, աշխարհի ուշադրությունն ուղղված է Բաքվին։
«Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն, ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում», - ասված է նրա նամակում։
Ի՞նչ զիջում են սպասում Հայաստանից, ի՞նչ՝ Ադրբեջանից. իշխանական ՔՊ-ից Արման Եղոյանը այսպես է հասկանում ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ «Հայաստանն արդեն փոխզիջումների ուղղությամբ անհրաժեշտ ճկունությունը դրսևորել է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է»։
Չնայած միջազգային դերակատարների կոչերին, խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու հարցում այժմ որոշակիություն չկա։ Ստամբուլում արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո առաջընթացի մասին չհաղորդվեց, Երևանն ու Բաքուն մինչ օրս հրապարակավ չեն արձագանքել տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առաջարկին՝ խաղաղության բանակցություններն ավարտել «3+3» հարթակում։
Ի դեպ, Ազգային ժողովի նախագահն այսօր չի բացառել Փաշինյան - Ալիև հանդիպում Կազանում, երկու երկրների ղեկավարները կմասնակցեն այնտեղ մեկնարկող BRICS-ի գագաթնաժողովին։