Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի տորագրմանը։
Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի։
«Բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը:
Հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը:
«Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել», - ասել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովն, Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է նոյեմբերի 11-22-ը։
Շաբաթներ առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։
Բաքուն, սակայն, անիրատեսական էր համարել Հայաստանի առաջարկը։ Իլհամ Ալիևն ասել էր, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև, ըստ գործադիրի ղեկավարի, հասանելի։