Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունն արտագնա նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցած շաբաթվա վերջին «Ամբերդ» հյուրանոցում մասնակցել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության արտագնա նիստին։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, թե նիստը վարել է ինքը, և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննարկել են իրենց առաջիկա անելիքները:

Արտագա նիստին մասնակցած ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում փակագծեր բացեց. - «Քննարկումներից հերթականն էր, որին մասնակցել է նաև երկրորդ նախագահը: Քննարկումը եղել է մեր առաջիկա նստաշրջանի վերաբերյալ, գործիքակազմերի վերաբերյալ, մարտավարության վերաբերյալ, և, իհարկե, ներքաղաքական զարգացումները նաև կարևոր տեղ են ունեցել քննարկման մեջ»:

Հարցին, թե իշխանափոխության հասնելու ճանապարհին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պայքարի ինչպիսի՞ մեթոդների մասին է խոսել, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց,որ խմբակցության նիստին ոչ թե հանձնարարականներ են տրվել, այլ տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

«Ընդհանուր, մեր բոլորի կոնսենսուսային մոտեցումը այն է, որ բոլոր գործիքակազմերը, որոնք ունենք այս պահին, պետք է հնարավորինս ակտիվ օգտագործել», - ասաց Վարդանյանը: «Ազատության» հարցին՝ փողոցային պայքարի մասին խոսվե՞լ է, նա արձագանքեց. - «Մեր որևէ քննարկում փողոցային տարբերակը երբեք չի բացառվել: Բայց մենք հիմա ունենք ընդդիմադիր շարժում, շարժման առաջնորդը հայտարարում է ինքը, որ աշնանը նոր թափով պատրաստվում են գործողություններ, և մենք էլ, ինչպես հայտարարել ենք մայիսին, այնպես էլ այս պարագայում մեր բոլոր գործիքակազմերով և միջոցներով և հնարավորություններով աջակցում ենք շարժմանը»:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ վերջին ամիսներին մարզային ու բակային այցեր էր իրականացում, խոստանում է բեկում սեպտեմբերին, թե ինչպես՝ դեռևս չի մանրամասնել. - «Սեպտեմբերին տեղի է ունենալու այն, ինչ որ մայիսի 9-ին հարյուր հազարավոր մարդկանց մտքերի մեջ կար»:

Առայժմ հայտնի է, որ Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումը սեպտեմբերի սկզբին նախատեսում է աջակիցների մասնակցությամբ մեծ հավաք կազմակերեպել։ Այս պահին, սակայն, շարժումը տարածքի փնտրտուքների մեջ է Ինչպես «Ազատությանը» փոխանցեց շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը, տարբեր պատճառաբանություններով իրենց պարզապես մերժում են տարածք տրամադրել:

«Մեզ համար վճռական, կարևոր օրեր են մեր դիմաց: Մենք նախապատրաստվելով բոլոր առումներով առաջ ենք գնալու», - վստահեցրել է Բագրատ արքեպիսկոպոսը:

Անցած մայիսին քայլերթով Տավուշից Երևան հասնելուց և Հանրապետության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջելուց հետո, Բագրատ Գալստանյանի առաջնորդած փողոցային պայքարն այդպես էլ հաջողության չհասավ։ Ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում տեղի ունեցած բախումներով, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ:

Ի՞նչ է սպասվում սեպտեմբերին։ Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակացությունը, որ խոստանում է առաջիկայում ևս աջակցել Բագրատ սրբազանի շարժմանը, տեսնում է փոփոխության հնարավորություն:

«Ես կարող եմ միայն հստակ ասել, որ հանրային տրամադրությունները իսկապես դրամատիկորեն փոխված են 20-ի հետ համեմատված, 21-ի հետ համեմատած, 22-ի հետ համեմատած, ու ճիշտ քայլերի և գործողությունների արդյունքում փոփոխության հնարավորություն իսկապես կա և կարող է լինել: Եթե ինձ հարցնեք՝ հանրային բավարար տրամադրվածություններ կան իշխանափոխության համար, իմ միանշանակ ու անկեղծ պատասխանը դրա՝ այո է: Այլ հարց է, թե ինչպիսի գործիքակազմ և մոտեցում կորդեգրվի», - նշեց Քրիստինե Վարդանյանը:

Ի դեպ, խորհրդարանի աշնանային նստաշրջանին, որ մեկնարկում է սեպտմբերի 9 -ին, ընդդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալու հունիսի 12-ին ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործադրած ոստիկանների գործողությունները քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG