Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները վաղ առավոտից փակել էին Եղվարդի խճուղին, հանդիպում էին պահանջում քաղաքապետի կամ կառավարությունից որևէ ներկայացուցչի հետ:
Բնակիչներն ասում են՝ 2022-ին պետք է սեփականության վկայականները ստանային, բայց կառուցապատողն ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացավ ու իրենք մնացին առանց սեփականության վկայականների:
Նրանք կարծում են, որ սնանկության գործընթացը կեղծ է, կառուցապատողն այդպիսով ազատվում է պետությանն ունեցած միլիարդների հասնող պարտքերից, իրենց էլ թողնում է առանց սեփականության վկայականների:
Անցած շաբաթ կառավարության առջև հավաքված բնակիչներին ոչ ոք չընդունեց: Ինչից հետո այսօր շուրջ 1 ժամ փակ պահեցին ճանապարհը, բայց այսօր էլ ոչ ոք չեկավ նրանց լսելու:
«Եթե օրվա ընթացքում, որևէ մեկը մեզ հետ չկապվի, փողոցներ փակելը շարունակական է լինելու», - ասացին բնակիչները:
«Գլխավոր պահանջներն են՝ պետք է վերադարձվի մեզանից խլած, մեր կողմից գնված 4000 քառակուսի մետր հողատարածքը, որը նախագծով նախատեսված է բակային ու կանաչապատ տարածքի համար: Մենք գնման իրավունքով ձեռք ենք բերել այդ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականություն, մեր իրավունքներն ամբողջովին ոտնահարվել են, ու այդ հողամասն ուղղակի առանձնացվել է և նախնական առուվաճառքի պայմանագրով օտարվել է», - նշեց հավաքվածներից մեկը:
Ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է Կոստանյանը