Մատչելիության հղումներ

Կառուցապատողը սնանկ է ճանաչվել, հազարից ավելի բնակիչներ սեփականության վկայականներ չեն ստացել


Աստղիկ Հովհաննիսյանն ու հազարից ավելի հարևանները հույս ունեին, որ 3 տարվա սպասումից հետո վերջապես կստանան բնակարանների սեփականության վկայականները, բայց չստացան:

Մոտ 40 տոկոսով բնակեցված Դավթաշենի խոշոր բնակելի համալիրի կառուցապատողը սնանկ է ճանաչվել:

18 հարկանի 6 շենքերից բաղկացած համալիրը կառուցել է «Ն և Ս քոնսթրաքշն»-ը։ Համալիրն ավարտին հասցնելու՝ քաղաքապետարանի հատկացրած ժամկետը կառուցապատողն 8 անգամ երկարացրել է: Իսկ սնանկացման գործընթացը սկսվել է ավարտական ակտը ստանալուց 8 ամիս անց: «Ն և Ս քոնսթրաքշնին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմել է բնակիչներից մեկը՝ փաստաբան Մարինե Թովմասյանը, որպեսզի վերադարձնի իր բնակարանի համար վճարած 17 միլիոն դրամը:

Մյուս բնակիչները տարակուսած են՝ Թովմասյանը կարող էր կառուցապատողին դատի տալ ու իր գումարը պահանջել, ոչ թե դա ստանալու համար միանգամից սնանկ ճանաչելու պահանջով դատարան մտնել: Մարինե Թովմասյանը հակադարձում է՝ եղել են այդ պահանջով դատարան մտնողներ, արդյունք, սակայն, չի եղել։

Միկոյան 64-ի համալիրի 1200 բնակարանների սեփականատերերը տուն են գնել այն ակնկալիքով, որ կունենան նաև բարեկարգ այգի, կանաչ տարածք, զրուցարան, շատրվան, մի խոսքով, այն, ինչ ներկայացված է եղել նախնական հատակագծում: Բայց հետո պարզվել է, որ բակի մի հատվածում, նաև այս ամենի համար նախատեսված շուրջ 4 հազար քառակուսի մետր հողատարածքն օտարվել է կառուցապատողի հետ փոխկապակցված «ԿաԷռ քոնսթրաքշն»-ին։

«Ն և Ս քոնսթրաքշն»-ի ամենախոշոր բաժնետերը, ըստ պետական ռեգիստրի, Աիդա Հովհաննիսյանն է, նրան է պատկանում ընկերության 62.5 տոկոսը: Իսկ «ԿաԷռ քոնսթրաքշն»-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, ով, ըստ «Հետք»-ի հետաքննության, Աիդա Հովհաննիսյանի ամուսնու եղբայրն է:

Ի դեպ, «ԿաԷռ քոնսթրաքշն»-ը ներգրավված է նաև Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործում, այնտեղ մի քանի լոտ ունի:

Բնակիչներին մտահոգող այս բոլոր հարցերի շուրջ մի քանի օր շարունակ փորձեցինք մեկնաբանություն ստանալ սնանկ ճանաչված «Ն և Ս քոնսթրաքշն»-ից, բայց ապարդյուն:

Բնակիչները դիմել են վարչապետին, քննչական կոմիտեի ղեկավարին ու գլխավոր դատախազին: Ծավալուն այդ նամակով նրանք նաև պահանջել էին, որ իրավապահները պարզեն, թե ու՞ր են հոսել «Ն և Ս քոնսթրաքշն»-ից կանխիկ ու վարկով գնած բնակարանների գումարները: Կես տարի անց այս երկու իրավապահ կառույցներից հայտնում են՝ բնակիչների դիմում-նամակի հիման վրա հարուցված քրեական գործ չկա:

Մանրամասները՝ ստորև



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG