Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հավաքվում կառավարության շենքի առջև, որ վարչապետը կամ փոխվարչապետն իրենց ընդունի: 6 մասնաշենքից կազմված ու ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրի կառուցապատող N&S Construction-ը քաղաքապետարանի կողմից շինարարության ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է:
Բնակիչներն ասում են՝ անհասկանալի շրջապտույտի մեջ են հայտնվել՝ կառավարություն, կառուցաատող, AMIO բանկ, քաղաքապետարան, կասկածներ ունեն, որ այս սնանկացման գործընթացը կեղծ է:
«Եթե Հայաստանի կառավարությունը էս ուժային կառույցներով մի հատ կառուցապատողի դեմ ա կաշկանդված, ողբալի վիճակում ա ուրեմն կառավարությունը», - ասաց ակցիայի մասնակիցների մեկը:
«Կառուցապատողի սնանկությունից հետո սեփականության վկայականներ չենք կարողանում ստանալ»,- դժգոհում են նրանք ու շարունակում՝ բանկից ասել են, եթե ուզում եք ստանալ ձեր սեփականությունը, ապա վճարեք կառուցապատողի պարտքն ու տները գրավից հանեք:
Բնակիչներից Հայկ Սմբատյանն է թվերը ներկայացնում.- AMIO բանկը 21,5 միլիարդ վարկային պարտավորությունը բաժանել է բնակելի համալրում առկա բնակարանների քառակուսի մետրերի վրա, ստացել է մեկ քառակուսի մետրի հաշվարկով 206 հազար դրամ: Այսինքն՝ բնակիչներին պարտադրվում է բացի իրենց պայմանագրային գումարներից լրացուցիչ 206 հազար դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով նորից գումար վճարել, որպեսզի անպարտաճանաչ կառուցապատողի վարկային պարտավորությունների դիմաց մ եր գույքը չգրավադրվի, չմնա բանկում որպես գրավի առարկա»:
Ինչո՞ւ է հիփոթեքային վարկ տրամադրած AMIO բանկն իրենց ասում՝ 1 քառակուսի մետրի համար լրացուցիչ 206 հազար դրամ վճարեն, որ իրենց տները գրավից հանեն: Հարցնում են՝ բնակիչներն ու տարակուսում. - «Էդ տունը մի հատ էլ առնե՞նք»:
AMIO բանկից այսօր օրվա երկրորդ կեսին պատասխանեցին մեր զանգերին, խոստացան քննարկել ու նորից կապվել մեզ հետ, պայմանով, որ հարցերը գրավոր ուղարկենք: Սպասում ենք այդ զանգին: Իսկ կառավարության առջև հավաքված բնակիչները նաև պնդում էին՝ AMIO բանկն իրենցից շատերի հիփոթեքի գումարը սառեցնելու փոխարեն, ամբողջությամբ փոխանցել է կառուցապատողին, դա այն դեպքում, երբ դեռ սեփականության վկայականներ ու շահագործման ակտ չունեն:
Բնակիչները տեղեկություններ ունեն, որ սնանկացած կառուցապատողի հետ փոխկապակցված այլ ընկերություններ Երևանում նոր շենքեր են կառուցում:
N&S Construction-ի ամենախոշոր բաժնետերը, ըստ պետական ռեգիստրի, Աիդա Հովհաննիսյանն է, նրան է պատկանում ընկերության 62.5 տոկոսը: Իսկ KR Construction-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, ով, ըստ «Հետք»-ի հետաքննության, Աիդա Հովհաննիսյանի ամուսնու եղբայրն է:
Կոտրած տաշտակի առջև կանգնած բնակիչները ամիսներ շարունակ փորձում են կառավարության օգնությամբ իրենց խնդիրը լուծել: Ասում են՝ չորս ամիս առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմում վարչապետի հանձնարարությամբ իրենց հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Բայց այդ ընթացքում կառուցապատողը սնանկացել է, իսկ իրենց ոչ ոք այդ հանձնաժողովից հանդիպման չի հրավիրել:
Կառուցապատող N&S Construction-ն ու փոխկապակցված KR-ը մեկնաբանություններ չի տալիս, թեև բազմիցս դիմել ենք այս ընկերությանը: Իսկ կառավարությունում այսօր բնակիչներին ոչ ոք չընդունեց: Գործադիրից «Ազատության»-ը փոխանցեին՝ առաջարկել են հարցերը գրավոր ներկայացնել: Բնակիչները հիշեցնում են՝ ծավալուն նամակ արդեն մեկ անգամ ուղարկել են վարչապետին, այն ուղարկվել է քաղաքապետարան ու իրավապահ մարմիններ, բայց քրեական գործ դեռ չկա հարուցված:
Բնակիչներից Հայկ Սմբատյանը վստահ է՝ կառավարության լռությունը կկոտրվի, եթե Երևանում կառուցապատողներից տուժած բոլոր բնակիչները համախմբվեն:
Մանրամասներն «Ազատության» ռեպորտաժում.