Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ և պաղեստինցի բարձրաստիճան մի պաշտոնյա համատեղ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որում դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահի առաջարկած՝ Գազայի պաղեստինցիներին վերաբնակեցման ծրագրերին:
Նամակն ուղարկվել է երկուշաբթի, այն ստորագրել են Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Պաղեստին պետության նախագահի խորհրդական Հուսեյն Ալ-Շեյխը: Այս մասին առաջինը հայտնել Է Axios-ը, որի փոխանցմամբ՝ բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Կահիրեում անցած հանգստյան օրերին:
Նախագահ Թրամփը հունվարի 25-ին առաջարկել էր, որ Հորդանանն ու Եգիպտոսը ընդունեն Գազայի պաղեստինցիներին: Հարցին, թե դա առաջարկում է որպես երկարաժամկետ, թե կարճաժամկետ լուծում, նախագահը պատասխանել էր, թե «կարող է լինել և մեկը, և մյուսը»:
Հորդանանը, Եգիպտոսը և արաբական այլ երկրներ դեմ են արտահայտվել առաջարկին:
«Գազայում վերականգնումը պետք է իրականացվի Գազայի բնակչության անմիջական ներգրավմամբ։ Պաղեստինցիները կապրեն իրենց հողի վրա և կօգնեն վերականգնել այն», - ասվում է նամակում։