Անկարան «ակտիվացնում է ջանքերը» Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար, նախօրեին դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Միաժամանակ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է, որ սպասում են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Մինչ մենք առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, մենք նաև սպասում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար համաձայնություն ձեռք բերվի», - ասել է նա:
Այլ մանրամասներ Էրդողանը չի հայտնել։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երեք տարի առաջ է մեկնարկել: Մինչ օրս, սակայն, Երևանի ու Անկարայի քաղաքական որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվել: Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը պնդել է, թե Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ «Դա շատ վատ է, կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները ևս դա հասկանում են»,- ասել է Սիմոնյանը։
Անկարայից, սակայն, դա հաստատող որևէ հրապարակային հայտարարություն դեռ չի հնչել, այդ թվում՝ երեկ, նախագահ Էրդողանի ու օտարերկրյա դիվանագետների հանդիպման ժամանակ։
Անկարան պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, ընդգծելով, որ Անկարան պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել, ներառյալ բանակցությունները հյուրընկալել:
«Մենք կարծում ենք, որ հնարավոր լուծումը չի լինի առանց Ռուսաստանի է, ոչ էլ առանց Ուկրաինայի: Մենք առաջին իսկ օրվանից ձգտել ենք ճգնաժամի լուծումը գտնել՝ ձեռնպահ մնալով կրակի վրա յուղ լցնելուց։ Մենք ամեն առիթով շեշտել ենք, որ պատերազմող կողմերից որևէ մեկին բացառող բանաձևերը դատապարտված են ձախողման։ Կայուն խաղաղության ճանապարհը բանակցային գործընթացն է, որտեղ ներկայացված կլինեն երկու կողմն էլ», - նշել է նա:
Խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից՝ Էրդողանը հայտարարել է՝ Իսրայելը կրակի հետ է խաղում՝ շարունակելով Ալ-Աքսա մզկիթի դեմ սադրանքները։
«Իսրայելը չի կարող ապահովել իր անվտանգությունը` տարածաշրջանում անկայունություն ստեղծելով: Իսրայելը չի կարողանա հասնել այն խաղաղությանը, որին ձգտում է առանց 1967 թվականի սահմանների վրա հիմնված անկախ և աշխարհագրորեն անձեռնմխելի Պաղեստին պետության ստեղծման: Մենք կաջակցենք Պաղեստինի ժողովրդին»։
Էրդողանը հայտարարել է՝ եվրոպական անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է
26 տարի Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու Թուրքիան հայտարարում է՝ եվրոպական անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է պատկերացնել և, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը համարում են Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը։
«Ակնկալում ենք, որ մեր եվրոպացի ընկերներն առերեսվեն այս ճշմարտության հետ և առաջ տանեն լիիրավ անդամակցության գործընթացը»,- ասել է Էրդողանը: