Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն այսօր քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում», - ընդգծել է Լավրովը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆիդանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր։
Լավրովը երեկ ուշ երեկոյան է ժամանել Անկարա՝ քննարկելու միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Լավրովը վերջին անգամ Թուրքիա էր այցելել 2024-ի հոկտեմբերի 18-ին «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։