Մատչելիության հղումներ

Այսօրվանից «Մարգարայի» անցակետում ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերը


Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետը:

«Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց, և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։

«ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար», - սոցիալական ցանցում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ «Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանից ելք և ՀՀ մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը։

2022-ի հուլիսին Վիեննայում հայ և թուրք բանագնացների չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։ Լրատվամիջոցներում հաղորդումներ եղան, որ այն կարող ա բացվել մարտի 1-ից, սակայն պաշտոնական հաստատում չի եղել:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ սահմանը կբացվի հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG