Մատչելիության հղումներ

«Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»․ Ինչո՞ւ է Բաքուն մերժում Երևանի առաջարկները


Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին այսօր «Արմենպրես»-ում հրապարակված իր հոդվածում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար:

Միևնույն ժամանակ գործադիրի ղեկավարը շեշտել է՝ այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ։

Վարչապետը հիշեցրել է, որ դեռ 2022-ին Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ, վարչապետը հայտնել է, որ, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա, նույնը և հակառակ ուղղությամբ:

Փաշինյանի խոսքով՝ այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Գործադիրի ղեկավարը նաև նշել է, որ նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել:

«Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն», - ասել է Փաշինյանը՝ հավելելով․ - «Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել»։

Միևնույն ժամանակ Փաշինյանն արձանագրել է՝ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի:

«Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում», - գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ 2022-ին Երևանն առաջարկել է Բաքվին փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանն, ըստ Փաշինյանի, չի համաձայնել:

Վարչապետի խոսքով՝ Բաքուն չի արձագանքել նաև Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը երկաթուղային բեռնափոխադրումներից սկսելու Երևանի առաջարկին:

«Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նույն սկզբունքով, ըստ Փաշինյանի, Երևանը պատրաստ է Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել:

«Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար», - գրել է վարչապետը:

Բաքուն տարիներ շարունակ պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: Բաքուն նաև ասում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի տարածքով:

Փաշինյանը հայտարարել է՝ Երևանը դեմ չէ, դա Թեհրանի և Բաքվի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է, միևնույն ժամանակ վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում:

«Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը: Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել», - նշում է Փաշինյանը՝ հարց բարձրացնելով - «Ինչո՞ւ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG