Մատչելիության հղումներ

ԱՆԻՖ-ի ծրագրերի տապալման ու չարաշահումների գործով մեղադրանքներն ապօրինի են. նախկին տնօրենի փաստաբան


ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը
ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը

ԱՆԻՖ-ի միլիարդավոր դրամների ծրագրերի տապալման ու չարաշահումների գործով մեղադրանքներն ապօրինի են, պնդում է գործով առանցքային մեղադրյալի՝ արդեն լուծարված ֆոնդի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

«Այն պրոցեսները, ինչ որ կատարվում են պարոն Փափազյանի նկատմամբ, ուղղորդված են: Ես կարող եմ ասել, որ կիսատ-պռատ տվյալներով ներկայացվել են մեղադրանքներ՝ շուտափույթ, հրատապ, չգիտես ինչով պայմանավորված», - ասաց փաստաբանը:

Նախկին տնօրենը մեղադրվում է փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Փափազյանը հայրենիք չի վերադառնում և միայն սոցցանցային գրառումներով է պնդում, թե Փաշինյանն իրեն փորձում է քավության նոխազ դարձնել: «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ անձամբ չի ներկայանում իրավապահներին ու ցուցմունք տալիս կառավարության ղեկավարի դեմ, Հակոբ Ենոքյանը պատասխանեց. «Ցուցմունքներ է տվել այս գործով, պարզաբանումներ է ներկայացրել: Դավիթ Փափազյանը Հայաստան էլ եկել է շատ վաղուց, այնպես չէ, որ երեկ չէ առաջին օրը կամ այդ մեղադրանքից անմիջապես առաջ, ինքը տևական ժամանակ Հայաստանում չէ»:

Մոտ երկու տարի է՝ իրավապահները քննում են Փաշինյանի կառավարության աջակցությամբ ստեղծված, կարճ ժամանակ անց տապալված մեգանախագծի՝ ԱՆԻՖ-ի չարաշահումների գործը: Թեև հետաքննող լրագրողները այս մասին նյութերը տարիներ առաջ էին հրապարակել, իրավապահները մեղադրանքներ առաջադրեցին ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ երեք հոգու: Դավիթ Փափազյանից բացի, նաև ԱՆԻՖ-ի երկու դուստր ընկերության տնօրեններ են մեղադրվում՝ փաստաթղթեր կեղծելու ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար:

«Ոչ միայն անհիմն, նաև ապօրինի են մեղադրում, որովհետև այն փաստաթուղթը, որը համարվում է կեղծ, չի հանդիսանում այն փաստաթուղթը, որի հիման վրա հիմնադրվել է այդ ընկերությունը», - նշել է փաստաբանը:

Գործի դրվագներից մեկով ԱՆԻՖ-ը մեկուկես միլիարդ դրամ է տվել նորաստեղծ «Սի Էֆ Դաբլյու» ընկերությանը՝ կիբերանվտանգային կարողություններ ստեղծելու ու այդ ոլորտում մասնագետներ պատրաստելու համար: Ընկերության ղեկավարն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանին փոխկապակցված անձ է՝ կնոջ ընկերուհին: Ավինյանը, սակայն, միայն հարցաքննվել է այս գործով այն դեպքում, երբ փաստաբանի խոսքով, ոչ մի շարժ չի եղել առանց տնօրենների խորհրդի հաստատման. «Տնօրենին որ մեղադրում են, անհիմն մեղադրանք է, որովհետև տնօրենը ոչինչ չէր կարող անել, քան կատարել խորհրդի որոշումները: Այդ խորհրդում ներգրավված են եղել և՛ Դավիթ Փափազյանը, և՛ ևս մեկ ազգությամբ հայ անձ: Եվս երկու անձ, որոնք «Օրբիս» ընկերության ներկայացուցիչներն են, և ևս մեկ անձ, որը այդ բոլոր ընկերությունների հետ փոխկապակցված է: Նրանք արտասահմանցիներ են ու նույն որոշման տակ ստորագրել են, որի հիման վրա գումարներ են փոխանցվել»:

Հետաքննող լրագրողները նաև այլ մանրամասներ էին պարզել, օրինակ, որ հիմնադրամը հարկատուների հաշվին բազմաթիվ անվտանգության աշխատակիցներ է վարձել, բարձր աշխատավարձեր վճարել մարդկանց, որոնք անվտանգության ոլորտի հետ կապ չեն ունեցել, բայց եղել են իրավապահ համակարգի պաշտոնյաների հարազատ-բարեկամներ: Սա ինչո՞վ է բացատրում հետախուզվող տնօրենը՝ հարցին փաստաբանը, ըստ էության, ուղիղ պատասխան չտվեց:

«ԱՆԻՖ-ի այդ անվտանգության ստորաբաժանումը բոլորի կողմից ընկալվեց որպես պահակների խումբ, բայց դա այդպես չէ, դա նաև տնտեսական անվտանգության ռիսկերի գնահատում է իրականացրել գործընկեր կազմակերպությունների հետ կապված», - ասաց նա:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց Փաշինյանի իշխանության օրոք, պետք է դրսից Հայաստան ներդրումներ բերեր, խթաներ արտահանումը, հայաստանյան բիզնեսներում ներդրումներ աներ ու զարգացներ: ԱՆԻՖ-ի խոշոր նախագծերից էր ազգային ավիափոխադրողը՝ «Ֆլայ Արնան», որի ստեղծումը պետական բյուջեի վրա նստեց 4,5 միլիարդ դրամ՝ անարդյունք: Մեկուկես տարի անց այն լուծարվեց: Տեղի ունեցածը վարչապետը ձախողում էր որակել, բայց պետբյուջեի միլիարդները վատնելու համար որևէ մեկը դեռ չի պատժվել:

ԱՆԻՖ-ի վերահսկող մարմինը կառավարությունն էր, բայց Փաշինյանի թիմակիցներից միայն Տիգրան Ավինյանին են հարցաքննել, մյուսների մասին հրապարակային չեն հայտնել: Մեղադրյալների թվում էլ Փաշինյանի թիմակիցներից չկան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG