Մատչելիության հղումներ

Միջազգային հետախուզում ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ


ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյան, արխիվ
ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյան, արխիվ

Հայաստանցի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ: Դավիթ Փափազյանին հայտնաբերելու դեպքում կկալանավորեն:

Մոտ մեկ ամիս առաջ Քննչականը մեղադրանք առաջադրեց Հայաստանից հեռացած Փափազյանին, պետական հիմնադրամի դուստր ընկերության նախկին տնօրենին, նաև՝ 1.5 միլիարդ դրամ ներդրում ստացած «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրենին:

Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նրա հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց:

Հարցաքննվե՞լ է Տիգրան Ավինյանը

Քննչականն այլ մանրամասներ չի հաղորդում, մասնավորապես՝ ամիսներ շարունակ չի տալիս ամենակարևոր հարցի պատասխանը՝ հարցաքննվե՞լ է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդը 2.5 տարի գլխավորած Երևանի քաղաքապետը: Այս հիմնադրամը ստեղծվեց 2019-ին, լուծարվեց հինգ տարի անց՝ ձախողելով մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր:

«Էստեղ շատ կարևոր է, որ հանրությունը էս տեղեկատվությունը իմանա: Եթե նույնիսկ Տիգրան Ավինյանը որևէ գործողություն չի արել, որևէ մեղսակցություն չունի արարքին, առնվազն էդ մասով պետք է ինչ-որ հրապարակում արվի: Ոչ մեկ չի ասում՝ հրապարակեք նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, ընդամենը ասում են՝ ասեք, թե ինչ գործողություններ են արվել, քրեական գործի նախաքննությունը ինչ փուլում է գտնվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը:

Իրավապահներն այս գործը քննում են արդեն երկու տարի, կասկածներ ունեն, որ պետական բյուջեից հատկացված միլիարդները իրենց նպատակին չեն ծառայել: Մինչ իրավապահները գաղտնապահ են, այս տարիների ընթացքում հետաքննող լրագրողները պարզեցին, որ ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ էր փոխանցվել Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը, հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը:

Երկու տարի ձգվող քննության կարևոր դրվագի մասին իրավապահները, սակայն, ոչինչ չեն հայտնում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի իրավաբանը վերջին շրջանի ակտիվացումները պայմանավորում է հանրության ճնշմամբ. - «Վերջին 7-8 տարիների զարգացումները ցույց են տալիս, որ ամեն դեպքում իրականում քաղաքական, այսպես ասած, ֆոնը էական նշանակություն ունենում է, որովհետև մենք տեսել ենք բազմաթիվ գործող պաշտոնյաների դեպքեր, որոնք որ ինչ-որ պահի դարձել են մեղադրյալ տարբեր քրեական գործերով: Իրականում դեպքերը շատ բազմազան են եղել»:

«Եթե հիմքերը բավականին ամուր լինեն, կարծում եմ՝ ուշ թե շուտ հասնելու են, անկախ ամեն ինչից», - նշեց Միհրան Բուլղադարյանը: Նկատի ունի քաղաքապետ Ավինյանի նկատմամբ իրավապահների հետաքրքրությունը:

Բուղադարյանն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ վերջ դրվի ոչ թափանցիկ աշխատանքին, բացվեն փակագծերը, և հանրությունն իմանա՝ Երևանի քաղաքապետի հարցը քննվո՞ւմ է, թե՞ չէ, եթե չի քննվում, ո՞րն է պատճառը:

Վարչապետ Փաշինյանն էր այս տարեսկզբին ասուլիսի ժամանակ գնահատել ԱՆԻՖ-ի շուրջ տեղի ունեցածը. - «Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ»:

ԱՆԻՖ-ի ներդրումներով հիմնադրված Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերությունները սնանկացել են։ Մեկ այլ՝ արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար» ծրագիրը ևս ԱՆԻՖ-ի միջոցներով էր իրականացվում, սակայն մինչ այժմ նույնիսկ դրա շինարարության փուլը չի մեկնարկել։

«Ես դա համարում եմ նաև վստահության անթույլատրելի չարաշահում, անթույլատրելի: Խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք», - հայտարարել էր վարչապետը:

Ինքը՝ Ավինյանն ամիսներ առաջ ավագանու նիստում ընդունել էր, որ ձախողում եղել է, բայց շտապել էր հավելել՝ պետք է հասկանալ, թե դա ինչ պատճառներ է ունեցել:

«Նմանատիպ խոշոր փոփոխությունները, ինչպիսին փորձում էր իրականացներ ԱՆԻՖ-ը, իրենք նույնպես պայմանավորված են այ տենց տարբեր սպեկուլյացիաներով, տարատեսակ տենց քննարկումներով, ընդդիմության և ոչ միայն ընդդիմության մանիպուլյացիաներով», - պնդել էր Երևանի քաղաքապետը:

Արտասահմանյան ներդրումներ ներգրավելու, արտահանման աճը խթանելու ու տարբեր բիզնես նախագծերում ներդրումներ անելու համար հիմնված ԱՆԻՖ-ը ղեկավարած Տիգրան Ավինյանը շեշտել էր՝ ծրագրերի մի մասն իրագործվել է, մյուս մասը՝ իսկապես ձախողվել, ըստ էության ակնարկելով, որ ինքը կապ չունի ձախողումների հետ: «Ազատության» հետ զրույցում էլ ամռան սկզբին խոստացել էր ասուլիսում պարզաբանել առկա հարցերը, բայց այդ ասուլիսը մինչ օրս տեղի չունեցել:

«Հեսա ասուլիսին շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն», - ասել էր Ավինյանը:

Մինչ այս, հետախուզվող Դավիթ Փափազյանը վերջերս հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում: Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան խումբը կասկածներ ունի, որ Փափազյանը «հնարավոր է ներգրավված լինի կամ նպաստել է Գազայի հատվածում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համարժեք գործողություններին»։ Փափազյանը գարնանից նախագահում է Գազայի հումանիտար հիմնադրամի տնօրենների խորհուրդը: Իրավապաշտպանները դիմել են Հայաստանի գլխավոր դատախազին, կոչ արել անհապաղ հետաքննություն սկսել այս հարցով. Դատախազությունից «Ազատությանն» այսօր էլ հայտնեցին՝ դեռ ուսումնասիրում են այս դիմումը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG