Մատչելիության հղումներ

ԱՆԻՖ-ի գործով մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերության նախկին տնօրեններին  


Միլիարդավոր չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) առնչվող քրեական գործից ավելի քան 1 տարի անց մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերության նախկին տնօրեններին։

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մեղադրյալ է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը մեղադրվում է երկու՝ փաստաթղթերի ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության, գործով մեղադրյալ է նաև «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը։ Դեռ այս մարտին «Հետք»-ը պարզել էր, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը ներդրումներ է արել «Սի Էֆ Դաբլյու»-ում, որի բաժնետերերը օֆշորում են գրանցված։ Ընդ որում՝ «Սի Էֆ Դաբլյու»-ն ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունից 1,5 մլրդ դրամ էր ստացել՝ գործունեության մեկնարկից բառացիորեն օրեր անց:

Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանն, ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է։ «Ազատության» տեղեկություններով՝ նա Հայաստանում չէ։

Արդյոք դատախազությունը հետախուզում հայտարարե՞լ է նրա նկատմամբ, գերատեսչությունից չեն պարզաբանել։ Փափազյանը դեռ գարնանը դարձել էր Գազայի հումանիտար հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ «Ազատությունը» դիմել է նրան՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Պատասխան դեռ չունենք։

«Ասուլիսին շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն: Ես կարծում եմ այնտեղ այլ մարդիկ պետք է մեղադրվեն այլ բաների համար: Ասուլիսին բոլոր հարցերին կպատասխանեմ», - Ավինյանի ասուլիսն այդպես էլ չկայացավ, այդպես էլ չպարզաբանվեց՝ ո՞ւմ նկատի ուներ։ Երևանի քաղաքապետը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր:

«Ազատությունն» ու «Հետք»-ն էին պարզել, որ անցած տարի լուծարված ԱՆԻՖ-ը հենց Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին: Դատախազությունից նաև չեն պարզաբանում՝ արդյոք Ավինյանն ԱՆԻՖ-ի չարաշահումների գործով հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, որևէ կարգավիճակ ունի՞ գործում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը չի բացառում, որ գործում այլ անուններ էլ կարող են հայտնվել, այդ թվում՝ քաղաքական դեմքեր։ Ըստ նրա՝ իրավապահները պետք է պարզեն՝ ինչ առնչություն է ունեցել ենթադրյալ չարաշահումների հետ գործող քաղաքապետը, քանի որ նա է փաստացի ղեկավարել արդեն լուծարված կառույցը:

«Այստեղ կարևորն այլ բան է, որ ի վերջո երևույթը բացահայտվի ու այդ երևույթի տակ ընկած գաղափարը, ռազմավարությունը՝ ինչու այս ամենը տեղի ունեցավ: Սա շատ մեծ հարված էր Հայաստանի հեղինակությանը», - ասաց Հոկտանյանը և նշեց, - «առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ձախողվեց այդ գաղափարը, երկրորդ, ի՞նչ տեղի ունեցավ, այսինքն այդ ձախողումն ինչպե՞ս կատարվեց, ի՞նչ գաղափար էր, մենք մոտավորապես գիտենք, այդ գաղափարն ինչո՞ւ կյանքի չկոչվեց, երրորդն արդեն՝ ովքե՞ր են պատասխանատու, որ այդ բաները տեղի ունեցան: Այդ «ի՞նչ տեղի ունեցավ»-ը կօգնի հասկանալու՝ կոռուպցիայի ինչ մակարդակ է եղել»:

Ըստ հակակոռուպցիոն փորձագետի՝ այս գործը կարող է լույս սփռել ոչ միայն ենթադրյալ խոշոր չարաշահումների վրա, այլև հնարավորություն կտա բացահայտել՝ կա՞ արդյոք Հայաստանում համակարգային կոռուպցիա, թե՞ ոչ։

«Կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է այս ամենը տապալվել, նաև ի վերջո հնարավորություն կտա հասկանալ, որովհետև այդ մարդիկ երկրորդական մարդիկ չէին այս կառավարման համակարգում և եթե նրանք որոշակի պատասխանատվություն, դերակատարում ունեն այս ամենի մեջ, արդեն կլինի ավելի լրջորեն գնահատելու այդ հիպոթեզը համակարգային կոռուպցիայի վերաբերյալ», - ընդգծեց Հոկտանյանը:

ԱՆԻՖ-ը 2019-ին կառավարությունն էր հիմնադրել, որ արտասահմանյան ներդրումներ ներգրավի, արտահանման աճը խթանի և հայաստանյան նախագծերում ներդրումներ անի։ Մինչդեռ «Ազատությունը» անցած տարի էր պարզել, որ բաց տվյալների համաձայն՝ հիմնադրամը մինչ լուծարումը արտասահմանյան խոշոր ներդրողներ գրեթե չի ներգրավել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ անարդյունավետ է ծախսել։ 2019-2023 թվականներին այդ միջոցները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, որոնց փոքր մասը դրամաշնորհներ են, մեծ մասը՝ հարկատուների գրպանից:

ԱՆԻՖ-ի ներդրումներով նաև հիմնված Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերություններն էլ սնանկացել են։ Մեկ այլ ծրագիր՝ արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար»-ի ծրագիրը ևս ԱՆԻՖ-ի միջոցներով էր իրականացվում, սակայն մինչ այժմ նույնիսկ դրա շինարարության փուլը չի մեկնարկել։




XS
SM
MD
LG