Իրավիճակն Ազգային ժողովում այսօր լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա:
«Դուք քաղաքական կամք չունեք սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու, մի մեղադրյալ ԱՆԻՖ-ի գործով չկա, այստեղ հպարտանալու ի՞նչ կա, առհասարակ մամուլի հրապարակումների մասին հպարտանալու ի՞նչ կա, եթե դրանց ընթացք չկա», - ընդգծեց պատգամավորը:
Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
«Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն: Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես: Այսինքն մամուլը ... բա ձե՞ր մասին ինչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի՞ եք ազատ, ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած: Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու կգնաս», - հունից դուրս եկավ վարչապետը՝ հորդորելով պատգամավորներին «չուտել իր ներվերը»:
Փաշինյանն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Պուտինի հրավերը
Վարչապետն այսօր խորհրդարանում հաստատեց՝ ընդունել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելու Ռուսաստանի նախագահի հրավերը: Այցին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ՝ պատասխանելով իշխանական պատգամավորի դիտարկմանը, թե այս օրերին հնչում են մեկնաբանություններ, որ այդ այցը կվնասի Հայաստան-Արևմուտք հարաբերությունները:
«Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և էդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների, կամ առավել ևս՝ այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չեն զարգացնելու և չենք խորացնելու», - հայտարարեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այդ միջոցառումը կարևոր է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համատեքստում, բացի այդ՝ այցն, ասաց, առիթ է նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, որը բաց թողնելը ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, միայն նշեց՝ շփումներ կլինեն, բայց դժվարացավ ասել՝ դրանք պաշտոնակա՞ն կլինեն, թե՞ ոչ:
«Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում»
Վարչապետն այսօր անդրադարձավ նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանում թաղապետի մասնակցությամբ ծեծին: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց՝ համաձա՞յն է Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագրի» հետ իշխանություն կազմած «Հանրապետություն» կուսակցության այն դիրքորոշման հետ, որ ակտիվիստին ծեծել են Հայաստանի ինքնիշխանության համար: Փաշինյանը ուղիղ չպատասխանեց, բայց ցանկացած բռնություն, ասաց, դատապարտելի է:
«Ձեր համար բռնությունը ընդունելի չի, մենք դա ո՞նց պիտի տեսնենք, ո՞նց պիտի հասկանանք՝ ընդունելի ա, թե չէ, դատապարտել եք, աշխատում ա մինչև հիմա էդ մարդը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք ա զբաղվեն էն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ քննչական կոմիտեները, այդ թվում՝ իրավապահ մարմինները: Իսկ երբ որ հարցը կդառնա քաղաքական հարց, դա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն», - պատասխանեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև պնդեց, թե տեղյակ չէ միջադեպի պատճառից: Մինչ թաղապետի ու մյուսների կողմից ծեծվելը ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգել էր Նոր Նորքում մանկապարտեզի անորակ շինարարության և հնարավոր չարաշահումների մասին: Փաշինյանն այստեղ էլ ընդհանուր խոսեց՝ շեշտելով, թե կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել իրենց թիմից:
«Նայեք, ժողովրդական խոսք կա, է, որ ասում ա՝ թղթով ամեն ինչ ճիշտ ա», - հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
Շարունակելով կոռուպցիայի թեման՝ վարչապետը նաև նշեց, թե Անվտանգության խորհրդի քարտուղարն իրեն ամեն ամիս գրավոր զեկուցում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերին, կամ որոնցում կասկած կա կոռուպցիայի վերաբերյալ: Բայց թե ինչո՞ւ իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող հրապարակումները հիմնականում չեն ունենում քաղաքական և իրավական հետևանք, Փաշինյանը չբացատրեց:
«Սահմանազատման աշխատանքներն առանց հայտարարելու չեն կարող լինել»
Ընդդիմադիրներից Գառնիկ Դանիելյանն էլ հետաքրքրվեց Տավուշի Ազատամուտ համայնքի մոտակայքում իրականացվող ականազերծման աշխատանքներից, հարցրեց՝ արդյոք դրանք կապ ունե՞ն սահմանազատման հետ: Փաշինյանը միայն պնդեց՝ սահմանազատման աշխատանքներն առանց հայտարարելու չեն կարող լինել:
«Ուզում եմ հասկանամ՝ ինչի՛ ա կատարվում ըտեղ, եթե ընդեղից պիտի սկսի սահմանազատման և սահմանագծման աշխատանքը ըստ էդ կանոնակարգի համաձայն», - ասաց Դանիելյանը:
Սահմանազատման կանոնակարգը հաստատելուց հետո հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ապա հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Վարչապետը թիմակիցների հարցերի շնորհիվ այսօր չշրջանցեց նաև երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ուսանողների հետ վերջին հանդիպումների ընթացքում հնչած հայտարարությունները: Փաշինյանը դարձյալ Հայաստանի նախկին ղեկավարներին հրավիրեց բանավեճի. - «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունե՞ք ասելու, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք, ինչի՞ չեք գալիս»: