Մատչելիության հղումներ

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը Փաշինյանին է մեղադրում հիմնադրամը ձախողելու մեջ. վարչապետը հակադարձում է


«Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը»


Միջազգային հետախուզման մեջ գտնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը վարչապետ Փաշինյանին է մեղադրում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ձախողման մեջ: Ավելին՝ Դավիթ Փափազյանը Ֆեյսբուքի իր գրառմամբ պնդում է՝ վարչապետին չի հաջողվի իր ու իր կառավարության խայտառակ սխալների համար մեղավոր կարգել իրենց:

«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել՝ իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը», - գրել է Փափազյանը, ում ամսվա սկզբից որոնում են Հայաստանի իրավապահները:

Երկու տարվա քննությունից հետո միայն վերջերս Քննչականը մեղադրանք առաջադրեց Հայաստանից հեռացած Փափազյանին՝ միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նրա հետ կապ հաստատել «Ազատությանն» այսօր էլ չհաջողվեց: Կոնկրետ ի՞նչ նկատի ունի, երբ մեղադրանքի սլաքներն ուղղում է վարչապետին, պատրա՞ստ է այդ մասին ցուցմունք տալ ու ներկայանալ իրավապահներին՝ այս հարցերին Փափազյանը չի արձագանքել, թեև նրա օգտահաշիվն ակտիվ է:

Փաստաբանն էլ «Ազատությանը» փոխանցեց՝ առաջիկայում ասուլիս կտան:

Երեքուկես տարի առաջ էր պետական հիմնադրամի տնօրենի պաշտոնից Փափազյանն ազդարարում էր նոր, խոստումնալից ծրագրերի մասին. «Մեսիջը հետևյալն է, որ մեր միջոցներն այս պահին ավելի շատ են, քան հնարավորությունները, որոնք դիտարկում ենք, մենք ուրախ կլինենք դիտարկել հայտեր և նոր գործընկերների հետ ճանապարհ անցնել»:

Այժմ հետախուզվողի կարգավիճակում մեղադրում է կառավարության ղեկավարին:

Քննչականից, սակայն, փոխանցեցին՝ վարչապետին մեղադրող Փափազյանի գրառման մեջ քննության արժանի որևէ փաստ չեն տեսել:

Կոռուպցիայի հետ մեր չհաշտվելն օգտագործվում է մեր դեմ. վարչապետ

Մինչ իրավապահները լուռ են, այսօր վարչապետ Փաշինյանը խոսեց. «Հենց այն պահին, երբ հայտնվեց միջազգային հետախուզման մեջ, հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ՝ ինչ է արել: Լավ է՝ չի ֆայմել 4 տարի առաջ այդ հայտարարությունն անի, որ հիմա միջազգային կազմակերպությունները հերթով իրեն ճանաչեն քաղբանտարկյալ»:

Փաշինյանը նաև պնդեց, թե պետական հիմնադրամի շուջ կոռուպցիոն սկանդալների մասին հանրությունը տեղեկացել է իրենց թափանցիկ աշխատանքի շնորհիվ:

«Էդ ԱՆԻՖ-ի պատմությունը, որտեղ հարց կա, դուք որտեղի՞ց գիտեք, մամուլը որտեղի՞ց գիտի, էդ պետությունն ինքը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից: Եվ ես այն օրը կուսակցության համաժողովում ասացի, որ կոռուպցիայի հետ մեր չհաշտվելն օգտագործվում է մեր դեմ», - հայտարարեց նա:


Ո՞նց պիտի այդ ամեն ինչը վերադարձնենք պետական բյուջե. լրագրող


Իրականում, սակայն, պետական բյուջեից հատկացված միլիարդները նպատակային չօգտագործելու փաստերը բացահայտել էին հետաքննող լրագրողները: «Հետք»-ի լրագրող Վահե Սարուխանյանն այդ հրապարակումներից մեկի հեղինակն է:

«Հիմա դուք իրար հետ կռիվ եք անում, այն դեպքում, երբ մի հարց պիտի ծագի՝ ձեզանից երկուսն էլ ունեն պատասխանատվության իրենց բաժինը, հիմա ո՞նց պիտի այդ միջոցները վերադարձնեք պետբյուջե: Ու երբ Փաշինյանը կանգնում, ասում է՝ ռիսկի ենք դիմելմ չի ստացվել «Ֆլայ առնա»-ի պարագայում, այդ ռիսկը պետությանը միլիարդավոր դրամներ է արժեցել: Եկեք դա հաշվի առնենք, հիմա ո՞նց պիտի այդ ամեն ինչը վերադարձնենք պետական բյուջե», - ասաց նա:

«Հետք»-ն էր պարզել, որ ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ էր փոխանցվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորրդի ղեկավար, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը: Հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը:

«Փաշինյանի կառավարությունն է ԱՆԻՖ-ը ստեղծել. ինչո՞ւ այնպես արեցիք, որ որոշեցիք լուծարել, ուրեմն դուք ինչ-որ փուլում, գուցե՝ ամենասկզբնական, չեք վերահսկել ԱՆԻՖ-ի գործունեությունն այնպես, չեք նշանակել համապատասխան կադրերի, որոնք միլիարդավոր դրամների պետական միջոցները կծախսեին խելամտորեն», - շեշտեց Վահե Սարուխանյանը:

Ըստ ֆեյսբուքյան էջի՝ Փափազյանը բնակվում է Լոնդոնում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում իրավապահները նրան հայտնաբերելու ուղղությամբ, արդյո՞ք կապ հաստատել են բրիտանացի գործընկերների հետ, արդյո՞ք ստուգել են Ֆեյսբուքի էջով նրան հայտնաբերելու հնարավորությունները. Ներքին գործերի նախարարությունից միայն փոխանցեցին՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետախուզվողին հայտնաբերելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG