Մատչելիության հղումներ

Ավինյանը 1,5 տարի առաջ հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով՝ վկայի կարգավիճակով


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասուլիսի ժամանակ, 15-ը սեպտեմբերի, 2025թ.
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասուլիսի ժամանակ, 15-ը սեպտեմբերի, 2025թ.

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով վկայի կարգավիճակով: Այդ մասին այսօր հայտնեց հենց ինքը՝ Ավինյանը ասուլիսի ժամանակ, նշելով, որ հարցաքննությունը մեկուկես տարի առաջ է եղել:

«Էն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես ես փոխանցել եմ համապատասխան մարմիններին», - ասաց քաղաքապետը:

ԱՆԻՖ-ը Հայաստանի Պետական հետաքրքրությունների ֆոնդն էր, որը երկուսուկես տարի ղեկավարել է Ավինյանը, դրանում միլիարդների չարաշահումների և վատնումների փաստով քրեական գործ կա հարուցված 2023-ի դեկտեմբերից։ Մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերությունների նախկին տնօրեններին։

Մասնավորապես, փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով մեղադրվում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը, նա նաև հետախուզվում է: Մեղադրյալների թվում է նաև ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը:

Ըստ Գլխավոր դատախազության՝ գործով մեղադրյալ է նաև «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը, ընկերություն, որ հենց ԱՆԻՖ-ի խորհրդում Ավինյանի նախագահության ժամանակ ավելի քան 1.5 միլիարդ դրամի ներդրումներ էր ստացել հիմնադրամից՝ կիբերանվտանգության մասնագետներ պատրաստելու նպատակով, իսկ «Հետք»-ը պարզել էր, որ Կարինե Անդրեասյանը նաև Ավինյանի կնոջ ընկերուհին ու բիզնես գործընկերն է:

Ավինյանը չհերքեց, որ ճանաչում են Անդրասյանին, ասաց՝ ծանոթացել են հենց այն տարի, երբ նա նշանակվել է «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն, բայց նրան, ըստ Ավինյանի, ընտրել են իրենց ամերիկյան գործընկերները. - «Իրեն ընտրել են մեր ամերիկացի գործընկերները: Երբ որ տիկին Անդրեասյանը ինձ զանգահարեց և ասեց, որ «սենց, սենց, սենց, սենց պրոցես ա տեղի ունեցել, ինձ ընտրել են», ես ասեցի՝ «Կարինե ջան, եթե դու վստահ ես, որ կարող ես, որովհետև դու ոլորտի մասնագետ չես, դու կառավարիչ ես, բայց ոլորտի մասնագետ չես, խնդրեմ, եթե դու վստահ ես դրանում»:

«Ազատության» հարցին՝ «Ձեր կնոջ հետ ե՞րբ է սկսել տիկին Անդրեասյանը բիզնես անել, էդ ներդրումը ստանալուց հետո՞, թե՞ առաջ, որովհետև իրենք բիզնես գործընկերներ են», քաղաքապետն արձագանքեց. - «Փոքր մի հատ գործունեության մասին ա, որը նույնիսկ, ես ինչքան գիտեմ, ուզում են բան անեն, ավարտեն: Ես, անկեղծ, չեմ հիշում, ես էս տրամաբանության դետալների մեջ երբեք չեմ խորացել, ինձ հետաքրքիր չի եղել, որովհետև ես գիտեմ, որ ես ներազդեցություն չեմ ունեցել էս պրոցեսի նկատմամբ ու չէի էլ կարող ունենալ»:

«Էլի, նորից, ուզում եմ էլի պատկերացնենք, էլի, իրավիճակը. «Օրբիս» ընկերությունը, որը որ Պենտագոնին, ասենք, 2 միլիարդ դոլարով ծրագրեր ա իրականացնում, թիմը, ղեկավարը, որը որ որոշում ա, որ Հայաստանում ԱՆԻՖ-ի հետ պետք ա բան անի, իմ հետ խնամի-ծանոթ-բարեկա՞մ պտի կիսի էստեղ՝ պաշտոնի համար», - շարունակեց Ավինյանը:

Հարցին էլ՝ «այդ 10 երիտասարդները, ովքեր որ ստացան էդ գումարը, կրթվեցին, ինչ-որ կերպ մեր պետական համակարգում և կիբերանվտանգության համակարգում ներգրավվա՞ծ են այս պահին», քաղաքապետը պատասխանեց. - «Դա, կարծում եմ, ես իրավասու չեմ որևէ բան հրապարակելու»:

Ինչ վերաբերում է մյուս բացահայտմանը, որ ԱՆիՖ-ից ֆինանսավորում է ստացել նաև Ավինյանի դասընկերը, քաղաքապետն ասաց՝ նա տարիներ ի վեր հաջողակ գործարար է, դպրոցից բացի նաև նույն համալսարանում են սովորել, բայց մոտ ընկերներ չեն, իսկ ԱՆԻՖ-ում իր դասընկերոջ նախագիծն ամենահաջողակներից է:

«Եթե էդ մարդը բիզնեսմեն ա՝ մինչև դա, եթե հաջողակ բիզնեսմեն ա, եթե էս հնարավորությունը ստեղծված ա, ոնց որ, օրինակ, ասենք, բանկերը վարկ են տալիս, ես լինեի խորհրդի նախագահն ինչ-որ մի բանկի, բանկը իմ դասարանցուն վարկ տար, դուք ասեիք՝ ինչի՞ ա վարկ տվել: Հիմա, լավ, ամենակարևոր հարցը՝ Ալեքսեենկո Դմիտրին անարդյունավետ ա՞ ինչ-որ բան օգտագործել: Որքան գիտեմ՝ ամենահաջողված ծրագրերից մեկն ա», - հայտարարեց Ավինյանը:

Ընդհանրապես, Ավինյանը չհամաձայնեց, որ ԱՆԻՖ-ն անարդյունավետ է գործել, ասաց՝ բյուջե ավելի շատ հարկ են վճարել, քան պետությունից ստացած ներդրումներն են եղել:

«210 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ ա ներգրավել ԱՆԻՖ-ը: ԱՆԻՖ-ը ուներ խնդիր՝ նոր որակյալ աշխատատեղեր ստեղծելու, 800 նոր աշխատատեղ ա ստեղծվել ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքում: Երբ որ ասվում ա՝ ԱՆԻֆ-ը անարդյունավետ էր, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 միլիարդ դրամ, ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 միլիարդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը», - ընդգծեց Երևանի քաղաքապետը:

Բայց ԱՆԻՖ-ի հիմնական ու խոշոր նախագծերն այդպես էլ չեն իրագործվել կամ ձախողվել են: ԱՆԻՖ-ը ներդրումներ էր կատարել Fly Arna ավիաընկերությունում և «Ապագա փրոջեքթս» հանգստյան գոտում, որոնք սնանկացել են։ Արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար»-ի ծրագիրը ևս իրականացվում էր ԱՆԻՖ-ի հետ, սակայն այն անգամ շինարարության փուլ չի հասել;

Ի տարբերություն Ավինյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՆԻՖ-ի գործուներությունը կոշտ բառապաշարով ոչ միայն ձախողում, այլև խայտառակություն է որակել. - «Ոնց եմ գնահատում՝ գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի լուրերը, թե ԱՆԻՖ-ի այս քրեական գործերի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ տարվա ընտրությունների նախընտրական շրջանում «զոհաբերել» Տիգրան Ավինյանին, քաղաքապետը պատասխանեց. - «Էհ, յոթ տարի ա զոհաբերվում եմ, անընդհատ տենց չի լինում, էդ զոհասեղանին տեղ չեմ հասնում»:

Լրագրողների դիտարկմանը, թե քանի որ շատ ներքաղաքական հարցերում Տիգրան Ավինյանը կա՛մ չի արտահայտվում, կա՛մ արտահայտվում է չեզոք, առանց Փաշինյանին հստակ աջակցելու, և հենց այդ պատճառով հնարավոր է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջորդ վարչության կազմում տեղ չգտնի, Ավինյանը հակադարձեց՝ իր հարցազրույցներում հստակ տեսակետ է արտահայտել, իսկ վարչության կազմում ընդգրկվելու հարցը սեպտեմբերի 20- ի համագումարը կորոշի:

«Կարո՞ղ ա ես չընտրվեմ, իհարկե կարող ա, ժողովուրդ ջան, որովհետև դա ընտրություն ա, և վարչության կազմը որոշվում ա էդ հազար հարյուր քանի հոգու ձայներով: Եվ ասեմ ավելին՝ էն ինտենսիվ հակաքարոզչությանը, որ իմ դեմ նաև վերջին շրջանում տեղի ա ունեցել, միգուցե նպաստի դրան: Բայց ես հուսով եմ, որ, այնուամենայնիվ, մեր կուսակցությունում լայնախոհություն կա, և ճշմարտությունը ստից և սերիալների սցենարներից տարբերակում են: Եվ հետևապես՝ այնուամենայնիվ, քիչ հավանական եմ դա համարում, բայց չեմ բացառում», - նշեց Երևանի քաղաքապետը:

Իսկ այսօրվա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցի՝ վաշինգտոնյան համաձայնագրերի վերաբերյալ, որպես «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ՝ Ավինյանն ասաց՝ ձեռքբերում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար:


XS
SM
MD
LG