Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։
Երեկ Կարմիր ծովում ամերիկյան ավիակրից թռիչք կատարած ռազմական օդանավերով հարձակումը հաջորդել է հութիներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղած զգուշացմանը, թե «դժոխք կթափվի» նրանց գլխին, եթե չդադարեցնեն ծայրահեղական գործողությունները, այդ թվում՝ Պարսից ծոցում հարձակումները նավերի վրա և Իսրայելի դեմ հրթիռների արձակումները։
Թրամփը նաև զգուշացրել է Իրանին՝ «Ամերիկան ձեզ լիակատար պատասխանատվության կկանչի»։
Իր Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը գրել է, որ «Միացյալ Նահանգների Զինված ուժերին հրամայել է վճռական և հզոր ռազմական գործողություն իրականացնել Եմենում հութի ահաբեկիչների դեմ»։ «Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անդադար արշավ են իրականացնում ամերիկյան և այլ նավերի, օդանավերի և անօդաչու թռչող սարքերի դեմ», - գրել է Թրամփը՝ հութիներին որակելով «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։
«Մենք կկիրառենք ճնշող մահաբեր ուժ, մինչև հասնենք մեր նպատակին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսի փոխանցմամբ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և տեղեկացրել նրան ռազմական գործողության մասին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն X-ում գրել է․ - «Հութիների հարձակումներն ամերիկյան նավերի և օդանավերի (և մեր զինվորականների !) դեմ չեն հանդուրժվելու․ և Իրանը՝ նրանց բարերարը, զգուշացված է»։ «Նավագնացության ազատությունը կվերականգնվի», - վստահեցրել է Հեգսեթը։
Սա Միացյալ Նահանգների ամենամասշտաբային ռազմական գործողությունն է հունվարի 20-ից՝ Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հութի պաշտոնյաները հաղորդում են ամերիկյան հարձակման հետևանքով 12 քաղաքացիական անձի զոհվելու մասին, այդ տվյալը հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրի օգնությամբ։ Հութիները նաև խոստանում են վրեժխնդիր լինել՝ առանց մանրամասնելու։