Մատչելիության հղումներ

«Մենք արդեն իսկ բանակցում ենք Վաշինգտոնի հետ»․ Արաղչի


Իրանի արտգորխնախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի արտգորխնախարար Աբբաս Արաղչի, արխիվ

«Թեհրանն ու Վաշինգտոնը դիվանագիտական շփումներ ունեն և Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկում են միջնորդների միջոցով», - Թեհրանում լույս տեսնող Iran թերթին տված հարցազրույցում այսօր նշել է իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ միջնորդավորված բանակցություններից բացի շփումներ են առկա նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։

Դրա հետ մեկտեղ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում ամերիկացիների հետ բանակցությունների մեջ մտնել ճնշման ներքո։

«Եթե մենք ԱՄՆ հետ բանակցություններ սկսենք հակառակ կողմից պարտադրվող «առավելագույն ճնշման» պայմաններում, դա կնշանակի, որ մենք բանակցային պրոցես ենք մուտք գործում ի սկզբանե թույլ դիրքերից», - նշել է Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անցած շաբաթ հայտարարել էր, թե ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել, և որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին։ Նամակի բովանդակության մասին Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ չէր հայտնել, բայց պնդել էր՝ հարցը կլուծվի կա՛մ բանակցություններով, կա՛մ ռազմական ճանապարհով։ «Մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ», - ասել էր Թրամփը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ արձագանքել էր՝ մերժում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, եթե դրանք պիտի տեղի ունենան հրամանների ու սպառնալիքների ներքո։ Ավելի վաղ էլ այաթոլա Ալի Խամենեին էր հայտարարել, թե Իրանին հնարավոր չէ ճնշումներով բերել բանակցությունների։

2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրեց Թեհրանի նկատմամբ։ ԱՄՆ-ը հիմա էլ հայտարարում է, թե մտադիր է Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույն մակարդակի, որպեսզի Թեհրանի հրաժարվի միջուկային նկրտումներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG