Եվրամիության առաջնորդները համաձայնել են հնգամյա ծրագրի շուրջ, ըստ որի՝ դաշինքը պետք է ավելացնի ռազմական կարողությունները և մինչև 2030 թվականը լիովին ի վիճակի լինի պաշտպանվելու Ռուսաստանի հնարավոր հարձակումից, հայտարարել է Լեհաստանի վարչապետը: Եվրոպան կտրուկ կավելացնի պաշտպանության ծախսերը այն մտահոգությունների ֆոնին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայի անվտանգությունը երաշխավորած ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում դա անել:
«Մենք՝ որպես Եվրոպական խորհուրդ, վերջապես ստանձնեցինք այս պարտավորությունը, որ մինչև 2030-ը եվրոպական բանակը սպառազինության, տեխնոլոգիայի առումով ակնհայտորեն ավելի ուժեղ պետք է լինի, քան Ռուսաստանը: Եվ կլինի», - ասել է Դոնալդ Տուսկը։
Երեկ էլ ԵՄ առաջնորդները հայտարարել էին, որ կշարունակեն ֆինանսական և ռազմական կանոնավոր աջակցությունն Ուկրաինային, թեև 5 մլրդ եվրոյի օգնության փաթեթը հաստատելու մասով, որը խնդրել էր Ուկրաինայի նախագահը, որոշում չէին կայացրել: Ըստ Bloomberg-ի՝ որոշումն արգելափակել են Ֆրանսիան և Իտալիան, որոնք չեն շտապում կոնկրետ պարտավորություններ ստանձնել:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան երեկվա հանդիպումից հետո ասել է, որ ԵՄ ունեցած բոլոր գործիքներն անդամ երկրներին թույլ են տալիս մեծացնել իրենց աջակցությունն Ուկրաինային:
«Մեր եզրակացությունում մենք որոշեցինք առաջիկա հինգ տարիներին զարգացնել մեր սեփական հնարավորությունները, բայց նաև աջակցել Ուկրաինային», - նշել է Կոշտան։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասել է, որ Ուկրաինան ևս կկարողանա օգտվել «Անվտանգության գործողություն հանուն Եվրոպայի» ծրագրից, որը վարկային գործիք է և նախատեսված է օգնելու երկրներին ուժեղացնել իրենց պաշտպանությունը:
«Քանի որ Ուկրաինայի անվտանգությունը ոչ միայն ԵՄ անվտանգությունն է, այլև ամբողջ Եվրոպայի, մենք ասոցիացված գործընկեր երկրների համար ևս հնարավորություն կստեղծենք միանալու «Անվտանգության գործողություն հանուն Եվրոպայի» ծրագրին», - նշել է ֆոն դեր Լայենը։
ԵՄ այս ջանքերին զուգահեռ՝ Ուկրաինային աջակցող երկրների ղեկավարները հաջորդ հինգշաբթի Փարիզում հերթական հանդիպումը կանցկացնեն՝ քննարկելու խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը: Հանդիպմանը կմասնակցի նաև նախագահ Զելենսկին, տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահը:
«Մենք կավարտենք մեր աշխատանքը ուկրաինական բանակին կարճաժամկետ աջակցություն տրամադրելու, ուկրաինական բանակի կայուն և կենսունակ մոդելի պաշտպանության ուղղությամբ, որը կկանխի ռուսական ներխուժումը, և անվտանգության երաշխիքների ուղղությամբ, որ կարող են տրամադրել եվրոպական երկրների բանակները», - ասել է Էմանյուել Մակրոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից ասել են, որ հաջորդ շաբաթ կառավարությունը կարագացնի Ուկրաինայի համար խաղաղապահ ուժերի պլանավորումը, նաև կհանդիպեն ռազմական ոլորտի ներկայացուցիչները՝ ավելի լավ ուսումնասիրելու այդ ուժերի կառուցվածքն ու մյուս մանրամասները:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահն այսօր ասել է, որ Վաշինգտոնը «շատ շուտով» Ուկրաինայի հետ կստորագրի այդ երկրի հազվագյուտ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման պայմանագիրը:
«Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ լավ է ընթանում ... Շատ շուտով Ուկրաինայի հետ պայմանագիր կստորագրենք հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ», - վստահեցրել է Դոնալդ Թրամփը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Ուկրաինան իրականում պատրաստ էր այն ստորագրել դեռ անցած շաբաթ՝ Ջիդդայի հանդիպմանը, սակայն ամերիկյան կողմը խնդրել է հետաձգել՝ հավելյալ խորհրդակցություններ անցկացնելու համար:
Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են անօդաչուներով հարվածել միմյանց: Ռուսական զորքը զանգվածային հարձակում է գործել Օդեսայի, նաև Զապորոժիեի վրա: Ուկրաինական կողմն, իր հերթին, հարվածել է Վոլգոգրադի մարզին: Անօդաչուն հարվածել է ռուսական Սուջա քաղաքի գազաչափիչ կայանին, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրել:
Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուսական զորքը չի հարվածում ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին, քանի ուժի մեջ է նախագահ Պուտինի հրամանը:
«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ուժի մեջ է, և Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս ձեռնպահ են մնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածներ հասցնելուց՝ համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Նախագահ Զելենսկին, անդրադառնալով ռուսական հարվածներին, հայտարարել է, որ Մոսկվայի վրա ճնշումը, պատժամիջոցների ավելացումն ու աջակցությունն Ուկրաինային միակ ուղին են՝ ստիպելու Ռուսաստանին վերջ տալ պատերազմին: