«Վարդան Ղուկասյանը հերոսի կարգավիճակ կստանա, եթե արտաքսեն»
Լաս Վեգասի դատարանը քննում է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու Գլխավոր դատախազության միջնորդությունը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ միջնորդությունը Հայաստանի իրավապահները միացյալ նահանգներն են ուղարկել դեռևս 2023 թվականին:
«Ես հայտարարում եմ՝ եթե Վարդան Ղուկասյանին արտաքսեն Հայաստան, հերոսի կարգավիճակով է լինելու», - ասաց Բաղդասարյանը:
Ինչո՞ւ է Ղուկասյանին արտահանձնելու Գլխավոր դատախազության միջնորդությունը քննվում 2 տարի անց: Փաստաբանը չի բացառում, որ Ղուկասյանին արտահանձնելու հարցի շուրջ Հայաստանի իշխանությունների կողմից նոր գործողություն է եղել:
ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը չի ընդունում:
«Նաև քննվում է Հայաստանի դատախազության, այսպես ասած, դիմումը, պայմանավորված նրանով, որ ցանկանում են Վարդան Ղուկասյանին քրեական գործի շրջանակներում, առաջադրված մեղադրանքների շրջանակում բերեն Հայաստան: Տակը դրված է հետևյալը, որ ծանր քրեական վարույթներ են նախաձեռնված, մեղադրանքներ են առաջադրված, խնդրում եմ, տվեք Հայաստանի Հանրապետությանը, ընդամենը դա է քննվում», - նշեց Բաղդասարյանը:
ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Կալանավորման պատճառն, ըստ ամերիկյան կողմի, հետևյալն է՝ Ղուկասյանը դեռևս 2022 -ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
Այժմ, ըստ Ղուկասյանի փաստաբանի, Լաս Վեգասի դատարանը պետք է 2 որոշում կայացնի, նախ թե արդյոք Ղուկասյանը խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը, և թե արդյոք հիմնավոր է՝ նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդությունը:
«Ազատության» հարցին՝ կա՞ ռիսկը, որ Ղուկասյանը կարող է արտաքսվել, փաստաբանը պատասխանեց. - «Ցանկացած գործառույթի մեջ կա ռիսկ, անգամ ընդունված է կարծել, որ ասում են՝ գնում ես կույրաղիքդ վիրահատելու, դա ևս որոշակի ռիսկ է պարունակում»:
Փաստաբանական խումբը դիմել է հատուկ փորձագետի օգնությանը՝ Ղուկասյանի գործով անկախ եզրակացություն ստանալու համար
Ամերիկյան դատարանը ԴՕԿ կուսակցության ղեկավարի կալանավորումից հետո անցած 20 օրերի ընթացքում 2 նիստ է անցկացրել: Ղուկասյանի շահերը պաշտպանող 4 ամերիկացի փաստաբանների խումբը մինչև մարտի 17-ը դատարանից ժամանակ է խնդրել՝ գործի բոլոր նյութերը ներկայացնելու համար: Փաստաբանական խումբը նաև դիմել է հատուկ փորձագետի օգնությանը՝ Ղուկասյանի գործով անկախ եզրակացություն ստանալու և այն դատարանին ներկայացնելու համար: Փաստաբան Լևոն Բաղդասրյանն առայժմ փակագծեր չի բացում, թե անկախ մասնագետի եզրակցությունը կոնկրետ որ հարցին է վերաբերում:
Եթե դատարանը բավարարի ԴՕԿ կուսակցության ղեկավարին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը, ի՞նչ ընթացակարգով է այն տեղի ունենալու: Արդյոք հատուկ խո՞ւմբ է մեկնելու ԱՄՆ՝ նրան Հայաստան բերելու համար: Փաստաբան Լևոն Բաղդասրյանը շեշտում է՝ քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատական ակտ, հայաստանյան իրավապահների խումբն ԱՄՆ-ում անելիք չունի:
Շուրջ 20 օր եթերից անհետացած Վարդան Ղուկասյանն օրերս ուղերձ հղեց կանալավայրից, նախ տեղեկացնելով, որ իր որոշմամբ ԴՕԿ-ը չի մասնակցի Գյումրու ավագանու ընտրություննրին: Ղուկասյանը նաև հորդորել էր որևէ դրամահավք չիրականացնել, պնդելով՝ իրեն գումար պետք չէ և որ ինքը հավաքավծ գումաներից որևէ բան չի ստացել:
«Միակ խնդրանքս այն հայերին, ովքեր բնակվում են Միացյալ Նահանգներում, հոգ տանել իմ մոր՝ Սուսաննա Ղազարյանի առողջության մասին», - նշել է Ղուկասյանը::
Համացանցում տարածվեց նաև Վարդան Ղուկասյանի մոր կոչը, որտեղ նա էլ հորդորում է դադարեցնել որդու ղեկավարած կուսակցության դեմ իրականացվող արշավներրը:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք մարտ 17-ին նախատեսվող դատական նիստում Լաս Վեգասի դատարանը ի վերջո որոշում կկայացնի ԴՕԿ կուսակցության ղեկավարի արտահանձման հարցով:
Ի դեպ, Հայաստանն և ԱՄՆ-ը չունեն անձանց արտահանձնման երկկողմ պայմանագիր։ Դեռևս անցած տարի խորհրդարանում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դժգոհել էր, որ այդ հիմքով Միացյալ Նահանգները մերժել է արտահանձնման Հայաստանի դիմումները. - «Մենք Միացյալ Նահանգներին 5 անձ արդեն հանձնել ենք բազմակողմ պայմանագրերի հիման վրա, իրենք ոչ մեկին չեն հանձնել, մենք պահանջում ու մերժում ենք ստանում ամեն անգամ»:
Քանի որ Հայաստանն ու ԱՄՆ -ը չունեն արտահանձնման երկկողմ պայմանագիր, ի՞նչ հիմքով է Գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրել ԱՄՆ-ին՝ Վարդան Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու համար: Կառույցից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: