Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ժամանել է Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ

Լրացված

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կրեմլում այսօր հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Հանդիպմանը նախատեսված էր նաև Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի ու Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մասնակցությունը, ում հետ Ուիթքոֆը հանդիպել էր այսօր ավելի վաղ: Սա Ուիթքոֆի 4-րդ այցն է Ռուսաստան: Վերջին անգամ նա Պուտինի հետ հանդիպել էր անցած շաբաթ՝ Սանկտ Պետերբուրգում:

Մոսկվայի հանդիպմանը զուգահեռ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները առաջ են ընթանում և մոտ են կարգավորմանը, թեև իրավիճակը մնում է փխրուն։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը պնդել էր, թե Ռուսաստանը բավական մեծ զիջում է անում՝ չգրավելով ամբողջ Ուկրաինան: Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը մեծ ճնշում է գործադրում Մոսկվայի վրա, այլապես Պուտինը չէր սկսի բանակցել: Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինան շատ տարածքներ է կորցրել, և կոնկրետ Ղրիմը հետ բերելը շատ դժվար կլինի:

«Մենք մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի վրա, հակառակ դեպքում նախագահ Պուտինը հիմա չէր բանակցի։ Կարծում եմ՝ նա ուզում է գործարք կնքել, մենք դա շատ շուտով կիմանանք», - ասել է Թրամփը։

Այս ֆոնին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների ճնշման տակ Ուկրաինան գուցե ստիպված լինի որոշ տարածքներ զիջել՝ հանուն խաղաղության:

«Սցենարներից մեկը տարածքների զիջումն է։ Դա արդար չէ։ Բայց խաղաղության համար, ժամանակավոր խաղաղության, գուցե դա կարող է լուծում լինել, ժամանակավոր», - ասել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն դրա որոշ տարրեր ճշգրտման կարիք ունեն: Սերգեյ Լավրովն ասել է, որ Թրամփը, թերևս, միակ առաջնորդն է, որն ընդունում է, որ նախ պետք է լուծել հակամարտության առաջացման պատճառները, որոնցից գլխավորը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մերձեցումն էր:

«Մենք շարունակում ենք շփումներն ամերիկյան կողմի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կան մի քանի նշաններ, որոնք վկայում են, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում» - նշել է Լավրովը:

Ուկրաինացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խարան «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ այն, ինչ Թրամփը ուկրաինական կարգավորման հարցում համարում է մեծ հաղթանակ, բոլորովին էլ այդպես չէ: Ըստ նրա՝ Ռուսաստանը զիջումներ չի անում, Պուտինին առաջարկվում է գրեթե այն, ինչ նա ցանկանում էր վերցնել, մինչդեռ Ուկրաինային փաստացի ոչինչ չեն առաջարկվում:

«Միանգամայն ակնհայտ է փաստը, որ Ռուսաստանն անկարող է գրավել ամբողջ Ուկրաինան կամ փոխել կառավարությունն Ուկրաինայում, և դա շուտով չի փոխվելու», - ասել է Ալեքսանդր Խարան:

Reuters-ը հրապարակել է կարգավորման վերաբերյալ Փարիզում Լոնդոնում երկրների ներկայացրած առանձին առաջարկները

Այսօր, ի դեպ, Reuters-ը հրապարակել է կարգավորման վերաբերյալ Փարիզում ԱՄՆ-ի և Լոնդոնում Ուկրաինայի ու եվրոպական երկրների ներկայացրած առանձին առաջարկները: Ըստ ամերիկյան տարբերակի՝ նախ հաստատվում է մշտական հրադադար, կողմերն անմիջապես սկսում են բանակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, տրվում են ամուր երաշխիքներ: Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, սակայն կարող է անդամակցել ԵՄ-ին:

Բացի դրանից՝ ԱՄՆ-ն դե յուրե ճանաչում է Ղրիմի, իսկ դե ֆակտո՝ ամբողջ Լուգանսկի, նաև Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի՝ արդեն գրավված տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը: Ուկրաինային է վերադարձվում Խարկովի մարզը, նաև Կախովկայի ամբարտակը և Զապորոժիեի ատոմակայանը՝ ԱՄՆ վերահսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան բաշխվում է երկու կողմերին։ Ռուսաստանի նկատմամբ 2014-ից ի վեր սահմանված պատժամիջոցները հանվում են։

Մինչդեռ Ուկրաինայի ու եվրոպական երկրների առաջարկերի դետալները էապես տարբերվում են: Ըստ այդմ՝ կողմերը պարտավորվում են լիակատար և անվերապահ հրադադար հաստատել երկնքում, ցամաքում և ծովում, անմիջապես սկսել բանակցել դրա մշտադիտարկման պայմանները՝ ԱՄՆ առաջնորդությամբ և երրորդ երկրների աջակցությամբ: Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերը քննարկվում և լուծվում են հրադադարից հետո, դրանց շուրջ բանակցությունները սկսվում են՝ հիմք ընդունելով զորքերի շփման գիծը: Ուկրաինան ազատ է անդամակցել ԵՄ-ին:

Ուկրաինան ստանում է անվտանգության ամուր երաշխիքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, նույնիսկ, եթե կոնսենսուս չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ: Ընդորում՝ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ուժերի ներկայության, զենքի և գործողությունների վերաբերյալ որևէ սահմանափակում չպետք է լինի։ Բացի դրանից՝ երկիրը վերականգնում է Զապորոժիեի ատոմակայանի և Կախովկայի ամբարտակի վերահսկողությունը՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ: Ռուսաստանը վերադարձնում է ապօրինաբար տեղահանված ուկրաինացի երեխաներին, տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց»:





XS
SM
MD
LG