Մատչելիության հղումներ

Կրեմլը «պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության գալ» ԱՄՆ-ի հետ․ Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Կրեմլը «պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության գալ» ԱՄՆ-ի հետ, հինգշաբթի օրը ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ որոշ տարրեր «վերափոխման» կարիք ունեն։

«Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, և ես ևս կարծում եմ, որ ճիշտ է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - ասել է Լավրով

Մոսկվայի մեկնաբանությունները հնչել են հինգշաբթի Կիևին հասցված հարվածների ֆոնին, որի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, 90-ը վիրավորվել։

Հարցին, թե ինչո՞ւ են խաղաղ բնակիչներ զոհվում, այն դեպքում, երբ Ուկրաինան հայտարարել է զինադադարի պատրաստակամության մասին, Լավրովը պատասխանել է. - «Մենք հարվածում ենք միայն ռազմական օբյեկտներին կամ քաղաքացիական այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են զինվորականների կողմից»։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է Կիևին հասված Մոսկվայի հարվածների կապակցությամբ։ Նա սոցիալական ցանցում դիմել է Պուտինին՝ «կանգ ա՛ռ, Վլադիմիր: Օրական 5 հազար զինվոր է զոհվում։ Եկեք խաղաղության համաձայնագիր կնքենք»։

Լավրովն CBS-ին ասել է, որ Ռուսաստանի իշխանություններն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցով կապեր են պահպանում ամերիկյան կողմի հետ։

«Ուկրաինայում իրավիճակի հարցով մենք շարունակում ենք շփումները ամերիկյան կողմի հետ։ Մի քանի նշաններ վկայում են, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի նոր հանդիպման հնարավորության մասին հարցին։

Ճշտող հարցին, թե այնուամեայնիվ ապրիլի 25-ին Ռուսաստանում հանդիպում կլինի՞ և այս շաբաթ հնարավո՞ր է կարգավորման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի, Ռուսատանի արտգործնախարարը հեգնանքով պատասխանել է․ - «Դուք չե՞ք հավատում Միացյալ Նահանգների նախագահ [Դոնալդ Թրամփի] խոսքերին»։

Ավելի վաղ Ռուսատանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը կհայտարարի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մասին, եթե այն կայանա։

Ապրիլի 20-ին ԱՄՆ նախագահը հույս էր հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանն այս շաբաթ կկարողանան համաձայնության գալ հրադադար հաստատելու շուրջ և գործարք կկնքեն:

«Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնության կգան։ Այնուհետև երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն», - ասել է Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG