Ուկրաինայի վրա գիշերային լայնածավալ հարձակումների ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Հարավային Աֆրիկա կատարած իր այցի օրակարգի մի մասը՝ շտապ վերադառնալու համար Կիև։
«44 օր է անցել այն բանից, երբ Ուկրաինան համաձայնեց կրակի ու հարվածների լիակատար դադարեցման։ Դա Միացյալ Նահանգների առաջարկն էր։ 44 օր շարունակ Ռուսաստանը շարունակում է սպանել մարդկանց՝ խուսափելով կոշտ ճնշումներից և պատասխանատվությունից», - հայտարարել է Զելենսկին։
Ռուսական ուժերի հարվածների հետևանքով անցած գիշեր 9 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ վիրավորվել։ Դրոններ և հրթիռներ են արձակվել ինչպես մայրաքաղաք Կիևի, այնպես էլ Ուկրաինայի այլ բնակավայրերի վրա։
Զանգվածային հարձակումը տեղի է ունեցել կրակի դադարեցման հնարավոր պայմանների շուրջ ակտիվ քննարկումներին զուգահեռ: