Ռուսական զինուժը ապրիլի լույս 25-ի գիշերը հարվածել է Պավլոգրադին և Դնեպրոպետրովսկի մարզի մի քանի այլ բնակավայրերի։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է նաև 8 վիրավորի մասին։
Ռուսաստանի Իվանովոյի շրջանի իշխանություններն իրենց հերթին հաղորդել են Շույա քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Հենց այստեղ է գտնվում 112-րդ հրթիռային բրիգադը, որին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը մեղադրել է ապրիլի 13-ին Սումիի վրա հարձակման համար։
Տեղի իշխանություններն ասել են, որ մի քանի ԱԹՍ է խոցվել, սակայն ստույգ թիվ չեն հրապարակել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
«Ռոսավիացիան» հայտարարել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ժամանակավոր փակման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը 79 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում և բռնակցված Ղրիմում։ Գերատեսչության տվյալներով՝ 59 անօդաչու թռչող սարք խոցվել է Ղրիմի, 11-ը՝ Սև ծովի, 4-ը՝ Բելգորոդի շրջանում, 2-ական՝ Կուրսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում, մեկը՝ Իվանովոյի շրջանում։