Ուկրաինայի առանցքային դաշնակիցներ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան այսօր Փարիզում հանդիպումներ են ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցն ու ներկայացնելու իրենց մոտեցումները: Նախ տեղի է ունեցել եվրոպացի դիվանագետների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը: Ապա Ֆրանսիայի նախագահն է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ուիթքոֆին: Հանդիպումներից դեռ շատ մանրամասներ չկան:
Փարիզում է նաև ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ, որը տեղեկացրել է, որ մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են նախատեսված:
Փարիզում ընթացող հանդիպումներին զուգահեռ, Կրեմլի խոսնակն ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը դժվար են առաջ գնում, և Ռուսաստանն առայժմ կենտրոնացած է ամերիկացիների հետ իր շփումների վրա: Խոսելով Փարիզի հանդիպման մասին՝ Դմիտրի Պեսկովն ասել է, որ կքննարկվեն ուկրաինական կարգավորման տարբեր ասպեկտներ:
«ԱՄՆ-ը շարունակում է աշխատել այս ուղղությամբ եվրոպացիների և ուկրաինացիների հետ: Նաև ակնկալում ենք, որ եվրոպացիներն ու ուկրաինացիները կկենտրոնանան խաղաղ կարգավորման վրա: Ցավոք, տեսնում ենք, որ եվրոպացիները միտված են պատերազմը շարունակելուն», - հայտարարել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն, իր հերթին, ասել է, որ անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը լավ է անցել: Նաև նշել է՝ ԱՄՆ-ը համարում է, որ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման համար նախ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել Ուկրաինայի հարցում:
«Ամերիկացիները դեռ կարծում են, որ անհրաժեշտ է որոշակի առաջընթացի հասնել Ուկրաինայի հարցում և միայն դրանից հետո խոսել ավիահաղորդակցության մասին, թեև ինձ թվում է, որ դա լիովին տրամաբանական որոշում կլինի», - ասել է Ուշակովը:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարացրել է ամերիկյան նավահանգիստներ ռուսական կամ Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերի մուտքի արգելքը: Թեև Ռիյադում մարտի 24-ի հանդիպումից հետո Մոսկվան պայման էր դրել՝ Ուկրաինայում հրադադար կհաստատի, եթե ԱՄՆ-ը վերացնի որոշ, այդ թվում՝ Ռուսաստանի դրոշի ներքո գործող նավերի նկատմամբ պատժամիջոցները։
Փարիզյան հանդիպմանն ընդառաջ The New York Times-ը գրել է, որ եվրոպացի առաջնորդները, այդուհանդերձ, ձգտում են ուղիղ շփվել Թրամփի հետ, քանզի չեն կարծում, որ խորհրդականները մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահի որոշումների վրա: Նրանք նաև կասկածներ ունեն, թե բանակցությունների արդյունքները միշտ չէ, որ նույնությամբ են փոխանցվում Թրամփին:
Քաղաքագետ Անտոն Պենկովսկին ևս կարծում է, որ բոլոր որոշումները կայացնում է Թրամփը: «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում քաղաքագետն ասել է, որ Թրամփի թիմում բնականաբար տարակարծություններ կան առ այն, թե ինչպես ավարտել Ուկրաինայում շարունակվող պատերազմը: Ըստ նրա՝ հիմա ԱՄՆ-ը ցանկանում է նվազեցնել իր ներգրավվածությունը Եվրոպայում և ուշադրությունն ուղղել ներքին խնդիրներին:
«Հետևաբար, ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահն այս պահին չի ցանկանում որևէ կողմ բռնել, այլ ցանկանում է որքան հնարավոր է շուտ դուրս գալ այս հակամարտությունից՝ լինի դա որպես կողմ, մասնակից, թե որպես Ուկրաինայի աջակից», - նշում է քաղաքագետը:
Փարիզում այսօրվա հանդիպումներից առաջ Ուկրաինայի նախագահը երեկ ասել է, որ ռուսական սպառնալիքի ֆոնին եվրոպական դաշնակից երկրների հետ աշխատում են անվտանգության նոր ճարտարապետության վրա, քննարկում Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայման մանրամասները: Զելենսկին նշել է, որ ողջ աշխարհի համար պետք է պարզ լինի՝ պատերազմի պատճառը Ռուսաստանն է:
«Աշխարհի բոլոր ծայրերում պետք է հավասարապես պարզ լինի, որ այս պատերազմի պատճառը բացառապես Ռուսաստանն է: Դրա արմատը գտնվում է Մոսկվայում` Կրեմլում, դրա համար էլ հրադադար չի հաստատվում», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն էլ սոցցանցում սպառնացել է, որ եթե եվրոպական երկրները զորք տեղակայեն Ուկրաինայում, ապա թանկ կվճարեն դրա համար: Դմիտրի Մեդվեդևը գրել է, որ եվրոպացիներն ուկրաինացիների հետ Փարիզում քննարկելու են, թե «որքան շատ եվրոպական դագաղներ» են պատրաստ ընդունել զորք տեղակայելուց հետո:
Այս ընթացքում ռազմաճակատում իրադրությունը մնում է լարված: Գիշերը ռուսական անօդաչուները հարվածել են Դնեպրին, կա առնվազն երեք զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 30 մարդ: Այսօր էլ ռուսները հարվածել են Խերսոնին, կան վիրավորներ: Ռուսական կողմն, իր հերթին, Ուկրաինային մեղադրել է էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածությունը խախտելու համար: Ռուսաստանը նաև հայտարարել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Դոնեցկում: