Մատչելիության հղումներ

Զելենսկին պնդել է՝ այն տարածքները, որ ՌԴ-ը գրավել է, Ուկրաինայի մաս են կազմում, սա կարմիր գիծ է իրենց համար


Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ բոլոր այն տարածքները, որ Ռուսաստանը գրավել է պատերազմի ժամանակ, Ուկրաինայի մաս են կազմում, սա կարմիր գիծ է իրենց համար: Վլադիմիր Զելենսկին այս հայտարարությամբ արձագանքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որը Fox News-ին ասել էր, թե անցած շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ԱՄՆ-ն վերջապես պարզել է, որ հրադադար հաստատելու համար Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Ուկրաինան Ռուսաստանի մաս ճանաչի գրավված տարածքները:

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինայի ունիտար պետությանը: Հետևաբար, միայն Ուկրաինայի ժողովուրդը կարող է խոսել մեր պետության տարածքների մասին: Մեզ համար դրանք կարմիր գծեր են», - նշել է Զելենսկին:

Օդեսայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Զելենսկին նաև հաստատել է, որ Սև ծովում անվտանգություն ապահովելու թեմայով Թուրքիայում բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են նաև Ուկրաինային օգնել կամեցողների կոալիցիայից Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Թուրքիան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ այս քննարկումները հեշտ չեն, սակայն Ուկրաինայի դաշնակից բոլոր երկրները սատարում են երկրում կայուն և տևական խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ նախագահի ջանքերին:

«Մյուս դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության գլխավորած ջանքերը, պատրաստ են և պատրաստակամ են ու կարող են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել՝ օգնելու ապահովել խաղաղություն, երբ ժամանակը գա», - նշել է Ռյուտեն:

ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օրակարգով պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆն այսօր մեկնել են Ֆրանսիա, որն ակտիվ ներգրավված է խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու աշխատանքներում:

Իսկ Ուկրաինան և ԱՄՆ-ն իրենց հերթին արդեն մի քանի ամիս է՝ բանակցում են ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման գործարքի շուրջ: Միացյալ Նահանգները պահանջում է, որ ստացված եկամտից Ուկրաինան 300 մլրդ դոլար վճարի ԱՄՆ-ին՝ պատերազմի ժամանակ ստացած օգնության դիմաց: Bloomberg-ը, իր աղբյուրների հղումով, նշում է, որ Վաշինգտոնը նվազեցրել է գումարի չափը մինչև 100 մլրդ դոլար:

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ասել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն «էական առաջընթաց» են գրանցել գործարքի շուրջ բանակցություններում և մոտ ապագայում հուշագիր կստորագրեն:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ նշել է, որ Վաշինգտոնում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպիմանն Ուկրաինան որոշ առաջարկներ է արել, ուստի բանակցությունները շարունակվում են, սակայն գործարքը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ. - «Մենք շատ, շատ մոտ ենք գործարքն ստորագրելուն, այն կարող է ստորագրվել նույնիսկ այս շաբաթ»:

Ուկրաինայի խորհրդարանը երկարաձգեց ռազմական դրությունը

Այս ֆոնին Ուկրաինայի խորհրդարանն այսօր ևս 90 օրով երկարաձգեց ռազմական դրությունը, որ գործում է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Այսօր նաև լրանում է էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու շուրջ ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտի 18-ին ձեռք բերված պայմանավորվածությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե դեռ չի կարող նշել, թե ինչ որոշում է կայացվել այս հարցում:

«Մենք ձեզ տեղեկատվություն կտրամադրենք։ Ես դեռ պատրաստ չեմ ձեզ տեղեկացնել կայացված որոշման մասին», - ընդգծել է Պեսկովը:

Bloomberg-ը, իր աղբյուրներին հղումով, տեղեկացնում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին դիմել է, որպեսզի թույլ տա Ուկրաինայում հրադադար հաստատելուց հետո Boeing ինքնաթիռներ գնել, ընդորում՝ սառեցված ակտիվներով: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզն ասել է՝ քանի դեռ հրադադար չի հաստատվել, ԱՄՆ-ն տնտեսական որևէ պարտավորություն չի քննարկի:

Այս ընթացքում ռազմաճակատում դրությունը մնում է լարված: Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ոչնչացրել է Կուրսկում հրթիռային բրիգադի մշտական տեղակայման կետը, որտեղից ռուսներն «Իսկանդեր»-ով հարվածել էին Սումիին՝ սպանելով 35 մարդու: Խերսոնում ռուսական կրակից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել: Գիշերը անօդաչուներով հարձակման է ենթարկվել Օդեսան, կա վիրավոր, վնասվել են բնակելի շենքեր:

Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է Իվանովոյում և այլ վայրերում ուկրաինական անօդաչուների հարձակման մասին: Կողմերը միմյանց մեղադրել են էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար՝ չնայած դրանց չհարվածելու պայմանավորվածությանը:




XS
SM
MD
LG