Նախընտրական քարոզարշավը Գյումրիում պաշտոնապես այսօր է մեկնարկում, բայց այն վաղուց է սկսվել ու գնալով թեժանում է: Քաղաքական ուժերն իրար հերթ չտալով մեկը մյուսին են քննադատում, այս կամ այն թեկնածուի հետևում այլ գործիչների փնտրում:
Ըստ իշխանականների, օրինակ, ընդդիմադիր պատգամավոր «Մեր Քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Թեև Հանրապետականը պաշտոնապես չի հայտարարել, որ սատարում է Գրիգորյանին:
«Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հանգամանքն ավելի տեսանելի ու բացահայտ է Սարիկ Մինասյանի պարագայում։ Համենայն դեպս, էն, ինչ լրատվամիջոցներով տեսանք, ավելի շատ կապվող է Սերժ Սարգսյանը Սարիկ Միասյանի հետ, քան էս պահի դրությամբ իմ հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը:
Գրիգորյանը նկատի ունի մամուլում հայտնված ՀՀԿ-ին տարիներ առաջ անդամագրվելու Սարիկ Մինասյանի դիմումը: Իշխանության թեկնածուն պնդում է, թե դա սուտ է և պատրաստվում է դատի տալ:
Մարտուն Գրիգորյանն էլ հավելում է, թե հանրապետականի անդամ չէ, բայց համագործակցել է ու հիմա պատգամավոր է ՀՀԿ ու «Հայենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով և որ իր անցած ճանապարհից չի հրաժարվում:
«Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ եղել, բայց կարելի է վերցնել բոլոր մասնակից քաղաքական ուժերի ցուցակի առաջին մի քանի համարները և տեսնել, որ 90 տոկոսը ՀՀԿ անդամ են եղել։ Բոլորի փաստաթղթերն էլ կան։ Վարդան Ղուկասյանն, օրինակ, մարզային կառույցի խորհրդի նախագահն է եղել», - նկատեց Գրիգորյանը:
Ընդդիմադիր թեկնածուն նաև պնդում է, թե հատկապես վերջին օրերին նկատելի է վարչական ռեսուրսի չարաշահումն իշխող ուժի կողմից, պետական ու համայնքապատկան կառույցների աշխատողներից բազմաթիվ դժգոհություններ ունեն՝ սկսած ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի գրառումը հավանելուց, մինչև պարտադիր ցուցակագրումներ:
«Ազատության» հարցին, թե փաստեր ունե՞ն, պատասխանը դրական էր: «Գրասենյակում էլ են եկել, մարդիկ տարբեր տարբերակներով մարդկանց տարբեր ձևի ահաբեկում են։ Դե ես չգիտեմ, հիմա բաժնի պետերի մակարդակով է, թե ում մակարդակով է, բայց, այնուամենայնիվ, բոլոր հիմնարկություններում․․․ տեսեք, մինչև էս երկու-երեք օրն ինքն ավել թեթև էր գնում, ավելի հանգիստ էր գնում, բայց հիմա ոնց որ ավելի լարված մթնորոտ է ձևավորվում, մարդկանց նկատմամբ սկսում են էդ ուղղությամբ ավելի շատ ճնշում գործադրել», - ասաց Մարտուն Գրիգորյանը:
Վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներին պատասխանել է ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ. -
«Ձեր համար բաժանած գումարների ո ՞ր մասն եք հասցրել հետ բերել, ունե ՞ք վերջնական տվյալներ, ի ՞նչ եք արել այն տասովչիկների հետ, ովքեր ցուցակներով գումարներ էին վերցրել, բայց չեն ապահովել համապատասխան ձայները, քա՞նի հոգուց եք գումարներ հետ վերցրել՝ համապատասխան ձայներ չապահովելու համար, ունե ՞ք հստակ հաշվարկներ, թե ՞ դեռ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ։ Սուս էլի Մարտուն ջան, գոնե սուս ախպեր ջան»։
Սարուխանյանի այս գրառմանը Գրիգորյանն այսպես է արձագանքել․ - «Կարենը երևի թիմում ապացուցելու բան ունի, ես նաև լավ հասկանում եմ, որ մեծամասամբ թիմում էն, ինչ որ գրվում է, մեր թեկանծուներիս նկատմամբ, գրվում է մի կետից է և տարբեր մարդկանց անվան տակ է էդ ամեն ինչը ներկայցվում, ես հասկանում եմ Կարենին, ըմբռնումով եմ մոտենում, Կարեն ջան, նորմալ է ամեն ինչ, մի 15 օր է մնացել»:
Մարտուն Գրիգորյանը նաև վիճելի է համարում ընտրացուցակները, որ վերջին ընտրությունների համեմատ աճել են մոտ 2 հազար 700 ընտրողով: Միգրացիոնը պարզաբանել էր, որ ցուցակներում են ներառվել նաև ՏԻՄ ընտրություններին օրենքով մասնակցելու իրավունք ունեցող տեղահանված արցախցիներն ու առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Ամեն դեպքում ընդդիմադիր թեկնածուի կասկածները չեն փարատվել, որ, օրինակ, Գյումրիում հաշվառում ունեցող Հնդկաստանի քաղաքացիները իշխանությունների վերահսկողությամբ ում օգին կարող են քվե ապահովել:
«Հնդիկների հետ կապված հասկանալի է, որ էդպես հախուռն գրանցումներ արվում են, հասկանալի է, թե ինչի համար է դա արվում և իրենք կառավարելի քվեարկողներ են իշխանության կողմից», - ասաց Մարտուն Գրիգորյանը։
ՔՊ- Մարտուն Գրիգորյան հեռավար բանավեճն այսքանով չի սահմանփակվում: Վեճը հասավ սովորական խճին՝ ով, երբ ու ինչու է հիմա փողոց խճապատում: Օրերս Մարտուն Գրիգորյանը տեսանյութ հրապարակեց փողոցներից մեկի խճապատումից ու ՔՊ-ի արձագանքը չուշացավ՝ թե հեշթեգից հետո հիմա էլ փողոցների խճապատման հարցում իրենց մրցակից է հայտնվել: Մարտուն Գիրգորյանը կատակով հակադարձեց․ - «Մեր շիբինն, իրենց շիբինին վնաս չէ, թող չանհանգստանան։ Ուղղակի ցույց ենք տվել մեր գյումրեցիներին, որ մեծ բան չեն արել ձեզ համար»:
Գյումրիի ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Քվեարկությունը մարտի 30-ին է: