ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստը ավարտվեց։ Հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց ծավալուն մի փաստաթուղթ, որով ըստ իրենց կան բոլոր հիմնավոր պատճառները և խախտումները, որպեսզի ընկերության լիցենզիան դադարեցվի։
Հանձնաժողովի աշխատակիցը ներկայացրեց. «Հանձնաժողովի աշխատակազմը կազմել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է՝ առաջին՝ նախագծի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և վեցերորդ կետերով արձանագրված խախտումների համար էներգետիկայի մասով օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, իսկ 5-րդ կետով արձանագրված խախտման համար էներգետիկայի մասին օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, որպես յուրաքանչյուր խախտման համար առանձին պատասխանատվության միջոց դադարեցնել ընկերության լիցենզիան՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Երկրորդ՝ ընդունելի ի գիտություն, որ էներգետիկայի մասին օրենքի 52-ի 1 հոդվածի 6-րդ մասի համաձայն ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը՝ հաշվի առնելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ։ Երրորդ՝ առաջարկվում է որոշումը ուժի մեջ դնել 2025 թվականի նոյեմբերի 14-ից։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ որոշման նախագծում առկա են վրիպակների և տառասխալների ուղղումներ և տեխնիկական բնույթի այլ շտկումներ, առաջարկվում է քվեարկության դնել նախագծի խմբագրված տարբերակը նշված փոփոխություններով հանդերձ»։
Զեկույցը ներկայացնելուց հետո արդեն հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ասաց, որ հարցուպատասխանի համար երկու ժամ ժամանակ են ունենալու, սակայն «Տաշիր կապիտալի» փաստաբան Արամ Օրբելյանը առաջարկեց, որպեսզի այդպիսի սահմանափակում չլինի և դա հենց անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան կողմնորոշվել։
«Հիմա եթե մենք երկու ժամով սահմանափակում ենք հարցերը, այդ հարցերի շրջանակներում մենք կարող է հասնենք մի իրավիճակի, հլը իրավունք տալու, հարց տալու խնդիրն էլ չի՝ ով կտա, ով չի տա, ուղղակիորեն կգանք մի հատ կետի, որ ուղղակի մինչև վերջ պարզված չեն լինի հանգամանքներ, որովհետև 171 էջ նախագիծն է հրապարակվել, հիմա էլ ասեցին, որ վրիպակներ կա, ես ենթադրում եմ՝ տեխնիկական են։ Դրա համար խնդրանք, առաջարկը հետևյալն է՝ հարցերը տանք այնքան, ինչքան պետք է, խոսքը վերաբերվում է զեկույցի մասին, ապացույցների մասին, որից հետո եթե կզգանք, որ ինչ-որ մի պահ չարաշահման նման է, կարող եք սահմանափակել, այդ տարբերակով առաջնորդվենք», - նշեց Օրբելյանը։
Հետո արդեն նիստը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։ Հարցերը սկսեց հնչեցնել ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որ այսօր ներկայացնում էր նաև «Տաշիր» ընկերությունը, և նրա հարցերը ամբողջությամբ վերաբերվում էին այն մեղադրանքներին և պնդումներին, որոնք տեղ էին գտել նախագծում։ Ղազինյանը փորձում էր ցույց տալ իր հարցերով, թե դրանք որքանով են հիմնավոր կամ անհիմն, անգամ ձևակերպումներ և որակումներ հնչեցրեց, որ սուտ և կեղծիք են փաստաթղթում տեղ գտած մի շարք փաստեր։ Սա վրդովեցրեց հանձնաժողովի նախագահին։
Մինչ կմեկնարկեր բուն նախագծի քննարկումը, «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները առաջարկեցին, որ բացարկ հայտնի հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրանք ներկայացրեցին մի միջնորդություն, որով փորձեցին ցույց տալ Մեսրոպյանի կաշկանդվածությունը և քաղաքական կապերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ մատնանշելով մի շարք հանգամանքներ՝ սկսած նրա ՔՊ անդամ լինելուց, վերջացրած մինչև Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը։
Միջնորդությունը քննելուց հետո հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին Մեսրոպ Մեսրոպյանի բացարկի միջնորդությունը և նա շարունակեց մասնակցել նիստին։
Այսօրվա նիստին ներկա էին նաև Ռոմանոս Պետրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ու Ռոմանոս Պետրոսյանի այլ գործընկերներ:
Մինչ նիստի մեկնարկը, երբ Ռոմանոս Պետրոսյանը մտավ նիստերի դահլիճ, կարճ հարցուպատասխան ունեցավ նաև լրագրողների հետ, մասնավորապես անդրադարձավ այն հարցին, թե այս յոթ տարիների ընթացքում ինչո՞ւ նույն հետևողականությամբ կառավարությունը, համապատասխան նախարարությունը հաղորդումներ չեն ներկայացրել, որպեսզի ՀԾԿՀ-ը զբաղվի ՀԷՑ-ում առկա խնդիրներով, ինչպես դա արեցին վերջին մի քանի ամիսներին։
«Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) լիազորված է վարչապետի վերահսկողական լիազորությունը իրացնել գործադիր իշխանության մարմինների և ենթակա հիմնարկների նկատմամբ։ Եվ ՊՎԾ լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով, Սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Այդ մասով դա։ Հաջորդիվ՝ նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ մեկ պատասխանատու անձը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ՝ դա ևս ահազանգ էր, նաև ցուցիչ էր, որ ՀԾԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն», - արձագանքեց Պետրոսյանը։
Հարցին՝ «այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել, ձեր կարծիքով, կոծկելու համար, նրանք պատասխանատվության ենթարկվե՞լ են», Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. - «Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում և Քննչական կոմիտեում նախաձեռնված են 1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը և կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի»։
Նիստը կշարունակվի վաղը կեսօրին: