Մատչելիության հղումներ

ՀԷՑ նախկին տնօրենը համոզված է՝ հանձնաժողովն ընկերությանը կզրկի լիցենզիայից, քանի որ «անկախ չէ»


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հինգշաբթի քննելու է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: Որոշման նախագծում ներկայացված են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետրոսյանի արձանագրած խախտումները, մասնավորապես հոսանքի կորստի, անջատումների մասին կեղծված տվյալներ, «Տաշիր» ընկերության հետ կողմնակալ գնումների փակ շղթա և այլն:

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՀԷՑ-ից հեռացված նրա թիմակից, կառույցի արդեն նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանը համոզված է՝ պետական հանձնաժողովը իրենց կզրկի լիցենզիայից. «Եթե հանձնաժողովն իրականում անկախ լիներ, ընդհանրապես մտածելու բան չէր լինելու, այսինքն՝ այս հիմքերի պարագայում միանշանակ ամենամաքսիմումը, որ կարող է լինել, ինչ-որ պատժամիջոց, բայց հաշվի առնելով, որ անկախ չէ և գործում է կառավարության ղեկավարի հրահանգներով, անգամ չթաքցնելով, համոզմունք ունեմ, որ լիցենզիայից զրկելու են»:

Էլցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն, իր հերթին, երեկ հավանական էր համարել, որ հանձնաժողովը ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ ընկերությանը կզրկի լիցենզիայից: Պետրոսյանը խախտումների մեծ ցանկ է կազմել՝ պնդելով, որ դրանք բավարար են դրական որոշման համար:

«ՀԷՑ-ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ուղղակիորեն ազդել է նաև սակագների ձևավորմանը, գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացն արվել է խիստ կողմնակալ, խտրական՝ դրանով ստեղծելով տնտեսական փակ, մենաշնորհային արժեշղթա, գերշահույթների միգրացիա է կատարվել ՀԷՑ-ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբին», - նշել է Պետրոսյանը:

Դավիթ Ղազինյանը տարակուսանքով է արձագանքում այս մեղադրանքներին: Ի վերջո, հանձնաժողովից բացի այս ահազանգերը քննում են նաև իրավապահները՝ մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներով:

«Իրենց ցանկության պարագայում քրեական վարույթները կարողանում են 10 րոպեում կամ 10 օրում հանգուցալուծում տալ, չէ՞: 3 ամիս նյութեր են ուղարկել, հիմա այդ 3 ամսվա մեջ ոչ մի նախաքննական մարմին ոչ մի նյութի մասով չկարողացա՞վ եզրակացություն տալ», - հարցնում է Ղազինյանը:

Միաժամանակ կառավարչի պաշտոնից նույն այս հանձնաժողովի որոշման արդյունքում զրկված Ղազինյանը չի հերքում՝ իր օրոք եղել են թերացումներ. «Եվ այդ թերությունները հիմք չեն լիցենզիայից զրկելու: Տարբեր հիմքեր կան չէ՞, որ դեպքում է փակվում, կասեցվում, տուգանվում և այլն»:

«Այն, ինչ ինքն ասում է, ես խնդրում եմ մեր հանրությանը հասկանալ հակառակ կողմից՝ յուրաքանչյուր իր մատանանշած փաստ, որի հետևից մենք գնում ենք, ահռելի պանդորայի արկղ է բացում, և ահռելի իրավախախտումներ ենք հայտնաբերում առերևույթ», - արձագանքում է Պետրոսյանը:

Էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկվելու դեպքում ՀԷՑ-ը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ, գնահատվի ընկերության արժեքը, ապա փոխհատուցում տրամադրվի սեփականատիրոջը։ Մինչև դա Ռոմանոս Պետրոսյանը կկարողանա շարունակել կառույցի ղեկավարումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ արդեն քննարկում էր էլցանցերի հետագա ճակատագրի սցենարները, այդ թվում՝ ընկերությունը պետականացնելու տարբերակը:

Դավիթ Ղազինյանն ասում է՝ պատրաստ են բոլոր սցենարներին՝ չգաղտնազերծելով՝ արդյո՞ք Կառավարության հետ կբանակցեն ընկերության վաճառքի շուրջ: Մինչ այդ Կարապետյաններն արդեն դիմել են միջազգային արբիտրաժ՝ 500 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG