«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պնդում է, որ ընկերությունում ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, թաքցվելով և՛ ՀԾԿՀ-ից, և՛ իրավասու պետական այլ մարմիններից, հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված է եղել վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառում իրականացնել: Այդ միջոցառումն, ըստ Պետրոսյանի, ժամանակավոր կառավարիչ նշանակելն էր: Այսպես է Պետրոսյանը մեկնաբանել իր՝ կառավարիչ նշանակվելը 2025թ․ հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ:
Այսօր ՀԾԿՀ-ն քննարկում է ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
«Իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար ՀԷՑ-ը կզրկվի լիցենցիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների և այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որին ես տիրապետում եմ», - ասաց նա՝ չընդունելով, որ իր այդ հայտարարությամբ ինքն ուղղորդել է հանձնաժողովին:
«Ազատության» հարցադրմանը, թե պնդում է, որ պաշտոնավարման ընթացքում տարիներ եղած խախտումներ է բացահայտել, նախքան այդ լինելով ՊՎԾ ղեկավար՝ ինչո՞ւ չի հայտարարել այդ մասին, Պետրոսյանը պատասխանեց, որ Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով ձևավորված ինքնավար մարմինների վերահսկողություն:
«Նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ մեկ պատասխանատու անձը՝ ՀԾԿՀ նախորդ նախագահը, երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը: Ես կարծում եմ՝ դա ևս ահազանգ էր, ցուցիչ, որ ՀԾԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն», - հավելեց նա:
«Ազատության» մյուս հարցին, թե ինչու ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները նախաձեռնվեցին, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ի պաշտպանություն ՀԱԵ-ի և կալանավորվեց, Պետրոսյանն արձագանքեց. «Որովհետև ՀԷՑ-ի նախկին ղեկավարները և կառավարիչները գուցե հակված չեն եղել իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրավապահ մարմիններին, և բոլոր առերևույթ իրավախախտումները որևէ կերպ պարզապես թաքցվել են»: