Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալը» Հակակոռուպցիոն կոմիտե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերում» ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը:
2025թ․ հուլիսին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Պետրոսյանը, ըստ հաղորդման, գերազանցել է իր լիազորությունները և խախտել ՀԾԿՀ որոշման պահանջները, մասնավորապես, Շահնազարյանին նշանակել տնօրեն «նման պաշտոնում վերջինի նշանակումը կատարելու փաստական հիմքերի բացակայության պայմաններում, նաև նշանակման ընթացակարգի բացահայտ անտեսմամբ»։
Այս պաշտոնի համար պահանջվում է ֆինանսական կամ տնտեսագիտական բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում, սակայն Շահնազարյանը, ըստ «Տաշիր կապիտալի» միջազգայնագետ-պատմաբան է և չի բավարարում այդ չափանիշներին։
Ըստ «Տաշիր կապիտալի»՝ Պետրոսյանն այդ նշանակումը կատարել է առանց հանձնաժողով թեկնածուի համապատասխանության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու և ՀԾԿՀ-ի համաձայնությունը ստանալու, ինչը «ընթացակարգի բացահայտ խախտում է»։
Հաղորդման մեջ ընդգծված է, որ ՀԷՑ կառավարչի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Նշվում է, որ Պետրոսյանը կատարել է իր լիազորություններից չբխող գործողություն, ավելին՝ դրա հետևանքով էական վնաս է հասցվել ՀԷՑ-ի շահերին, նշանակված անձն էլ, համաձայն հաղորդման, չունենալով համապատասխան որակավորում, ֆինանսական վնաս է պատճառում ընկերությանը։
Բացի այդ, «Տաշիր կապիտալ»-ը պնդում է, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և հանձնաժողովի մյուս անդամների գործողություններում ևս առկա են պաշտոնեական անփութության (ՔՕ 446-րդ հոդված) տարրեր, քանի որ նրանք պատշաճ կերպով չեն ստուգել նշանակման իրավաչափությունը։
«Տաշիրը» խնդրում է նախաձեռնել քրեական վարույթ Ռոմանոս Պետրոսյանի, Մեսրոպ Մեսրոպյանի և ՀԾԿՀ անդամների գործողությունների վերաբերյալ, իսկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո՝ կասեցնել նրա պաշտոնավարումը որպես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի պաշտոնում հուլիսի վերջին նշանակված Արմեն Շահնազարյանը Հանրապետական կուսակցության անդամ է եղել, 2001-ից կառավարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 2015-ին զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2017-ին էլ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության խորհրդի նախագահ է նշանակվել: