15:30
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ևս դիմեց հանձնաժողովին՝ առաջարկելով նիստին ներկա Ռոմանոս Պետրոսյանի և նրա նշանակած ՀԷՑ աշխատակիցների դիրքորոշումը չընդունել որպես ընկերության պաշտոնական դիրքորոշում:
15:18
Հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների միջնորդությունը Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ ներկայացնելու վերաբերյալ: Մեսրոպյանը կմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով նիստին:
14:52
ՀԾԿՀ նախագահը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:
14:40
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումների մեջ նաև նշեց այն, որ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը:
14:34
Փաստաբան Վարդան Ալոյանը մի շարք հիմնավորումներ ներկայացրեց՝ փորձելով պարզաբանել, թե ինչու պետք է Մեսրոպ Մեսրոպյանը չմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով որոշման ընդունմանը, այդ թվում՝ ցույց տալով այնպիսի կապեր, որոնք, ըստ «Տաշիր կապիտալի», փաստում են՝ Մեսրոպյանը ինքնուրույն չի գործել, երբ որոշել է հենց Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ:
Փաստաբանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ սկզբնական փուլում վերցնելու են ՀԷՑ կառավարումը, հետո մնացածը։ Ըստ փաստաբանի՝ Մեսրոպյանը որպես կանխարգելիչ միջոցառում ընտրել է հենց այն տարբերակը, որի մասին արդեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այն է՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում ՔՊ-ական Պետրոսյանին նշանակումը, որ տեղի ունեցավ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ հուլիսին:
«Տաշիր կապիտալի» ներկայացուցչի պնդմամբ՝ Մեսրոպյանը նաև չի միջամտել, երբ Ռոմանոս Պետրոսյանը՝ արդեն որպես ՀԷՑ կառավարիչ, սկսել է ապատեղեկատվություն տարածել:
14:24
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ էր:
Մեսրոպյանը 2019-20թթ․ եղել է ՀԾԿՀ անդամ, ապա՝ Կոտայքի մարզպետ։
ՀԷՑ-ը պատկանում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին: