Գյումրիի ավագանու կազմից այս պահին 3 հոգի անազատության մեջ է, բոլորն էլ Կոմունիստական կուսակցություն խմբակցությունից՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Սահակյանը:
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հաստատեց տեղեկությունը, որ Գևորգ Ղուկասյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նրան կփոխարինի Սամսոն Էլբակյանը: Այս քայլով Կոմկուսը փաստացի փորձում է պահպանել ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ավագանիում:
Նոյեմբերի 11-ի ավագանու հերթական նիստը կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված Վարդան Ղուկասյանին փոխարինող առաջին տեղակալ փեսան կվարի: Այս պահին 17/14 հարաբերակցությամբ ավագանին դեռ ընդդիմադիր ուժերի ձեռքում է:
Թեպետ կառավարման ճգնաժամ այս պահին չկա, բայց այն ցանկացած պահի չի բացառվում: ՔՊ-ն չի էլ թաքցնում, որ ինչպես իրենք են ասում՝ օրենքով սահմանված ճանապարհով իշխանությունը Գյումրիում վերցնեն, բայց չեն բացահայտում, թե ինչպես: Իսկ փորձ ունեն մի քանի համայնքներում, երբ մյուս խմբակցություններից իրենց կողմը ներգրավեցին ու մեծամասնություն դարձան: Նույնը Գյումրիում կրկնելու մտավախություն կա: Նույնիսկ Վարդան Ղուկասյանը, որ սկզբում իր թիմի վրա վստահ էր, վերջերս կասկած էր հայտնել:
«Ես, ճիշտն ասած, վստահ եմ իմ թիմի վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը Հուդա դարձավ, ես ի՞նչ ասեմ», - նշել էր նա:
Վարդան Ղուկասյանին սատարած մյուս ուժերը ևս փորձում են իշխանությունը պահել ընդդիմադիրների ձեռքը: Ճնշումների մասին բարձրաձայնում է ավագանիում 6 մանդատ ունեցող «Մեր քաղաքը» դաշինքն առաջնորդած Մարտուն Գրիգորյանը. «Եթե քաղաքապետի թիմի նկատմամբ ճնշումները սկսվել են վերջերս, իմ թիմի նկատմամբ ընտրությունների հաջորդ օրվանից, երբ ինձանից շատ բան էր կախված, այդ օրվանից մինչև այսօր տարատեսակ ճնշումներ»:
Գրիգորյանը, որ գարնանը ընտրություններից մի քանի օր անց միայն Ղուկասյանին սատարելու որոշում կայացրեց ու հայտնվեց իշխանությունների քննադատության թիրախում, զգուշացրել էր, որ Վարդան Ղուկասյանը խոցելի թեկնածու է, բայց շեշտել էր, որ այլընտրանքի հնարավորություն մյուս քաղաքական ուժերը չեն թողել:
«Հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը: Արդյոք այդ իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել ու այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչև վերջ առաջ տանել, իմ ասածը էդ է եղել», - նշեց Գրիգորյանը:
Գյումրիի ավագանիում ընդդիմություն դարձած ՔՊ-ին իշխանության բերելու սցենարներից այս պահին ամենականխատեսելին ավագանու այլ խմբակցություններից իրենց պակասող 3 մանդատը ապահովելն է: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը կարծում է՝ հնարավոր ճգնաժամից խուսափելու և Գյումրիում իշխանափոխության սցենարը խափանելու համար՝ Կոմկուսի անազատության մեջ գտնվող ավագանու բոլոր անդամները պետք է մանդատներից հրաժարվեն:
«Իմ կարծիքով՝ գնա Կոմունիստական կուսակցությունը այն քայլին, որ ձերբակալվածները վայր կդնեն իրենց մանդատները ու փոխարինողները կգան առաջ, որպեսզի չունենանք այդ ճգնաժամը», - ընդգծեց նա:
Կարեն Սիմոնյանը իրենց 2 մանդատ ունեցող խմբակցության նկատմամբ ճնշումներ չի նկատել: Ընդդիմադիր մյուս խմբակցությունների հետ քննարկումներ ու շփումներ ունի և պնդում է, որ բոլորն էլ չեն պատրաստվում երկրորդ քաղաքում իշխանությունը զիջել ՔՊ-ին:
Իսկ հնարավոր համարո՞ւմ է այլ, օրինակ, Ախուրյանի սցենարի կրկնությունը Գյումրիում. «Մենք տրամադրված ենք ընդդիմադիր խմբակցություններով գնալու մինչև վերջ, ու չեմ ուզում մտածել, որ կլինեն բացառություններ»:
Գյումրիում մի զարգացում էլ Վարդան Ղուկասյանի փեսայի մասով կա: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացնել էր, որ Ավետիս Առաքելյանի պարագայում խախտվել է հանրային ծառայության մասին օրենքը, խնամիական կապ ունեցողը, այսինքն, փեսան չի կարող աներոջ ենթական լինել:
Թեպետ Առաքելյանի ներկայացուցիչն առարկել է, թե սահմանափակումը քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ չպետք է կիրառվի, հանձնաժողովն այս բացատրությունը չի ընդունել:
Մեկ վարույթ էլ Վարդան Ղուկասյանի նկատմամբ է հարուցված. շահերի բախում է տեսել հանձնաժողովը փեսային տեղակալ նշանակելիս: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում պետք է հրապարակվի համայնքապետարանի կայքում, սրանով ավարտվում է հանձնաժողովի գործառույթը, իսկ թե իրավապահ այլ մարմինների համար այն վարույթի հիմք կհանդիսանա, առայժմ հստակ չէ: