Գյումրիի քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքով նախադեպ է ստեղծվում մարդուն քրեական հետապնդման ենթարկել իր կարծիքը բարձրաձայնելու համար, ահազանգում է անցած շաբաթ կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված Վարդան Ղուկասյանի փաստաբանը:
Շաբաթ օրը Ղուկասյանի քրեական հոդվածներին ևս մեկն ավելացավ՝ այս անգամ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը: Իսկ մեղադրանքն առնչվում է անցած ամիս Ղուկասյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած մտքերին, թե որ միության կազմում է ինքը տեսնում Հայաստանը:
«Մարդը կարծիք է հայտնել, որ, ըստ էության, էդ միությանն ինքը կողմ է, որ Հայաստանն էլ անդամակցի՝ պահպանելով Հայաստանի անկախությունը: Բացառապես այդ կարծիքն է մեղադրանքի հիմքում, հարցազրույցներում հարցերին տված պատասխանները նախաքննական մարմինը որակել է հանցավոր՝ գտնելով, որ իբր Վարդան Ղուկասյանը Հայաստանի անկախությունից հրաժարվելու կոչեր է հնչեցնում», - ասաց փաստաբանը:
Վարդան Ղուկասյանն այս նույն դիրքորոշումը հայտնել էր նաև ամիսներ առաջ, օրինակ, համայնքապետ ընտրվելու, հետո իր պաշտոնամուտի օրը: Գարնանը որևէ քրեական վարույթ չէր հարուցվել, ու Ղուկասյանի կարծիքը չէր դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ:
Ի մի բերելով ժամանակագրությունը՝ փաստաբաններն անմիջական կապ են տեսնում Ղուկասյանին հանրային ու քաղաքական դաշտից դուրս շպրտելու՝ վարչապետի հայտարարության և մոտ մեկ ամիս անց հարուցված քրեական վարույթի միջև. «Նախաքննական մարմինն ամիսներ անց... գցին-բռնեցին, գտան, որ դա էլ է հանցագործություն, մեղադրանք առաջադրեցին անձին իր արտահայտած կարծիքի համար: Իրավաբանորեն կորակեմ որպես քրեական հետապնդում ազատ խոսքի ու կարծիքի համար»:
Անցած շաբաթ, երբ խորհրդարանում վարչապետին իր թիմակիցներից մեկը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդման մասին հարց տվեց, Փաշինյանը հորդորեց Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի հետ տեղի ունեցածը կապել ոչ թե իր, այլ հենց Վարդան Ղուկասյանի գործողությունների հետ:
Մինչդեռ փաստաբանը համեմատում է ու հարցնում է՝ իսկ Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի նախաձեռնողների նկատմամբ ինչո՞ւ քրեական վարույթ չի հարուցվում:
«Դրանից մի որոշակի ժամանակ առաջ Եվրամիությանն անդամակցելու օրենք չընդունե՞ց Հայաստանի Հանրապետությունը, երկուսն էլ միություն են, ի՞նչ տարբերություն, ո՞նց եղավ, որ էդ միությանն անդամակցելու շուրջ Վարդան Ղուկասյանի կարծիքը հանցագործություն է, բայց Եվրամիությանը անդամակցելու կապակցությամբ օրենք ընդունողները հանցավոր չե՞ն», - ասաց Հայրապետյանը:
Գյումրիի դեպքերով 41 անձ մեղադրյալ է
Անցած շաբաթվա իրադարձություններից հետո Ղուկասյանից ու քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներից բացի ևս 41 մարդ է մեղադրյալի կարգավիճակում հայտնվել:
Անցած երկուշաբթի քաղաքապետին ձերբակալելու համար Գյումրի բերված մեծաթիվ ոստիականների ու քաղաքապետարանի դիմաց հավաքված Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ: Քննչական կոմիտեն հենց նույն օրը վարույթ հարուցեց զանգվածային անկարգությունների ու գործի քննությանը միջամտելու հոդվածներով: Այս մի գործով արդեն 24 մարդ է կալանավորվել, 15-ը տնային կալանքի տակ է, մեկը՝ վարչական հսկողության:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը այս գործով ևս վստահորդներ ունի ու կարծում է՝ սա մեսիջ է հանրությանը. «Սա մեսիջ է ամբողջ հանրությանը, որ իշխանությունը պատրաստ է ճնշելու ցանկացած այլախոհություն կամ ցանկացած բողոքի ցույց, որը հաճո չի լինի իշխանական օրակարգին»:
Այս գործով կալանավորվածների թվում են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, կան ավագանու անդամներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, կոմունալ բաժնի աշխատակիցներ՝ վարորդներ ու հավաքարարներ: Շաբաթվա վերջին ձերբակալված կրթության բաժնի 3 կին աշխատակիցներն, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը տնային կալանքի տակ են: Գործում մեղադրյալ ներգրավված մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս անչափահասը տնային կալանքի տակ է: