Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Արևմուտքի զորքերը լեգիտիմ թիրախ կդառնան Ռուսաստանի համար. Պուտին


Եթե Արևմուտքը Ուկրաինայում զորքեր տեղակայի, ապա դրանք լեգիտիմ թիրախ կդառնան Ռուսաստանի համար: Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Երեկ Ուկրաինայի աջակիցների կոալիցիան հայտարարել էր, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու շրջանակում նախատեսում են պատերազմի ավարտից հետո զորքեր տեղակայել այդ երկրում:

Վլադիմիր Պուտինը շեշտել է՝ եթե երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, ապա այդ զորքերի ներկայության իմաստը չի լինի, Ռուսաստանն էլ, անկասկած, կկատարի բոլոր պայմանավորվածությունները։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական կազմավորումների հնարավոր ներկայությանը, ապա դա Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու հիմնական պատճառներից մեկն է։ Հետևաբար, եթե այնտեղ ինչ-որ զորքեր հայտնվեն, հատկապես հիմա՝ ռազմական գործողությունների ժամանակ, դրանք ոչնչացման ենթակա լեգիտիմ թիրախներ կլինեն», - նշել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը կրկնել է՝ եթե Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել, ապա ամենալավ վայրը Մոսկվան է, թեև հավելել է՝ նրա հետ ուղիղ շփվելու իմաստ չի տեսնում, քանզի անհնար կլինի համաձայնության գալ գլխավոր հարցերի շուրջ: Օրինակ՝ տարածքների, որը պետք է հաստատվի հանրաքվեով, ինչի համար անհրաժեշտ է վերացնել ռազմական դրությունն Ուկրաինայում։ Իսկ այդ դեպքում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն։

Կրեմլի ղեկավարը վերահաստատել է՝ ԵՄ-ին անդամակցելը Ուկրաինայի իրավունքն է, մինչդեռ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Մոսկվայի համար բացարձակապես անընդունելի է: «Նման հարցերը չեն կարող լուծվել առանց Ռուսաստանի անվտանգությունը հաշվի առնելու», - շեշտել է Պուտինը։

Մակրոն. 35 երկրից 26-ը խոստացել են պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել

Փարիզում Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի երեկվա հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ 35 երկրից 26-ը խոստացել են պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, այդ թվում՝ զորք տեղակայելով, ընդորում՝ ոչ առաջնագծում։ Այդ ուժերի նպատակը, ըստ Էմանյուել Մակրոնի, ոչ թե Ռուսաստանի դեմ պատերազմելն է, այլ՝ նրա հնարավոր հարձակումները զսպելը:

Մակրոնը նաև հայտնել է, որ հանդիպումից հետո խոսել են Դոնալդ Թրամփի հետ, և ԱՄՆ-ի աջակցության հարցը կհամաձայնեցվի առաջիկայում: Սակայն մի բան հստակ է՝ ԱՄՆ-ն անպայման կմասնակցի անվտանգության երաշխիքներ տալուն:

«ԱՄՆ-ը ներգրավված է այս գործընթացի յուրաքանչյուր քայլում։ ԱՄՆ-ը շատ հստակ է եղել անվտանգության երաշխիքների մաս կազմելու իր ցանկության և աջակցության հարցում։ Այնպես որ, այս թեմայի վերաբերյալ կասկած չկա», - նշել է Մակրոնը։

Գերմանիան, որը ԵՄ առանցքային անդամներից է, ևս խոստացել է ներգրավվել այդ ջանքերում, սակայն ռազմական հանձնառության հարցը կորոշի, երբ հստակ լինեն պայմանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներգրավվածության չափը:

Եվրահանձնաժողովի նախագահն էլ հանդիպումից հետո հայտնել է, որ առաջնորդները հավանություն են տվել իրենց պաշտպանության նախարարների առաջարկներին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է՝ Եվրոպան ջանք չի խնայի Ուկրաինային ուժեղացնելու, Եվրոպան անվտանգ պահելու և խաղաղություն հաստատելու համար։ Իսկ անվտանգության երաշխիքների առաջին միջոցը ուկրաինական ուժեղ բանակ ունենալն է, ասել է նա:

«Մենք պետք է Ուկրաինան անառիկ ամրոցի վերածենք, որը ներկա և ապագա արգեսորները չեն կարող նվաճել: Դա նշանակում է կայուն զինված ուժեր, որոնք ուժեղ են, լավ հագեցած և ժամանակակից։ Մենք արագացնում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտի համագործակցությունը՝ դա իրագործելու համար», - ասել է Լայենը։

Զելենսկի. Անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքը պետք է արագացվի

Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, թե անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքը պետք է արագացվի: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ասուլիսին էլ ասել է՝ Ուկրաինայում տեղակայվող զինվորների թիվը հազարների կհասնի:

Մենք նաև պատկերացում ունենք, թե որ երկիրն ինչ է պատրաստ առաջարկել … Չեմ խոսի թվերի մասին, բայց կարևոր է, որ քննարկում ենք այս ամենը։ Այո, անպայման հազարների կհասնի նրանց թիվը», - նշել է Զելենսկին։

Թրամփը եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթը գնելու և դրանով ռուսական ռազմական մեքենային օգնելու համար. Bild

Մինչ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները շարունակվում են, գերմանական Bild-ը մանրամասներ է փոխանցել Թրամփի ու եվրոպացի առաջնորդների զրույցից, որն, ըստ թերթի, լարված է անցել։ ԱՄՆ նախագահը եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթը գնելու և դրանով ռուսական ռազմական մեքենային օգնելու համար։ Եվրահանձնաժողովի ղեկավարն առարկել է, թե Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն կտրուկ նվազեցրել է ռուսական նավթի ներկրումը:

Թրամփին նաև ասել են՝ եվրոպական երկրներից միայն Հունգարիան և Սլովակիան են հիմա ռուսական նավթ գնում: Սակայն Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Եվրոպային մեղադրել է ռուսական նավթը Հնդկաստանի միջոցով գնելու համար:

Ըստ NBC-ի՝ երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, ԱՄՆ-ն կարող է առաջատար դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտու մշտադիտարկման գործում: Ուկրաինային հետագա հարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծվելիք գոտու հսկողությանը կարող են մասնակցել նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող մեկ կամ մի քանի երկրների զորքեր։

Ըստ աղբյուրի՝ Թրամփն ավելի հոռետես է դարձել հակամարտությունը շուտ կարգավորելու հարցում: Նաև իր խորհրդականներին ասել է, թե մտադիր չէ փչացնել Պուտինի հետ հարաբերությունները:

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ շուտով կրկին կխոսի Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ նախագահները կարող են հանդիպել առաջիկայում:



XS
SM
MD
LG