ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 4-ին եվրոպացի դաշնակիցների հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում նշել է Ռուսաստանի և նրա գլխավոր դաշնակից Չինաստանի նկատմամբ ֆինանսական ճնշումը մեծացնելու անհրաժեշտության մասին՝ ստիպելու Կրեմլին դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրին։
«Նախագահ Թրամփը ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնման գործընթացը, որը ֆինանսավորում է պատերազմը։ Միայն մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը ԵՄ-ից վառելիքի վաճառքից ստացել է շուրջ 1,1 միլիարդ եվրո (1,8 միլիարդ դոլար)», – Reuters-ի հետ զրույցում նշել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները Թրամփին հրավիրել են մասնակցելու Փարիզում ընթացող Ուկրաինային աջակցել կամեցողների կոալիցիայի հիբրիդային հանդիպմանը։
Թրամփը անձամբ չի մեկնաբանել եվրոպացի առաջնորդների հետ զրույցի բովանդակությունը։ Սակայն ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախատեսում է առաջիկայում զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատասխանել է․ «Այո, ես կանեմ դա»։