Մատչելիության հղումներ

Պուտին․ Եվրոպացի զինվորները Ուկրաինայում կհամարվեն օրինական թիրախներ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Արևելյան տնտեսական համաժողովում, Վլադիվոստոկ, 5-ը սեպտեմբերի, 2025թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Արևելյան տնտեսական համաժողովում, Վլադիվոստոկ, 5-ը սեպտեմբերի, 2025թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին մերժել է Ուկրաինայում արևմտյան երկրների զորքերի տեղակայման հնարավորությունը՝ նշելով, որ եթե եվրոպացի զինվորները հայտնվեն այնտեղ պատերազմի ընթացքում, Ռուսաստանը նրանց կդիտարկի որպես «օրինական ռազմական թիրախներ»։ Այս մասին նա հայտարարել է Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Պուտինի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման անհրաժեշտություն չի լինի։

Ռուսաստանի նախագահը նաև վերահաստատել է իր դիրքորոշումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հարցում։ Նա ասել է, որ նման հանդիպումը «իմաստ չունի», սակայն պատրաստ է այն անցկացնել, եթե Զելենսկին այցելի Մոսկվա։ Պուտինի խոսքերով՝ ուկրաինական առաջնորդը «կստանա 100 տոկոս անվտանգության երաշխիք»։

Կիևը ՌԴ նախագահի հրավերը «անընդունելի» էր համարել և նշել ՝ Զելենսկին պատրաստ է հանդիպել ցանկացած պահի, սակայն ոչ Մոսկվայում:

Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Զելենսկուն Մոսկվա հրավիրում են ոչ թե «կապիտուլյացիայի», այլ զրույցի համար։

Անդրադառնալով հարաբերություններին ԱՄՆ նախագահի հետ՝ Պուտինը հայտարարել է, որ իր և Դոնալդ Թրամփի միջև կա պայմանավորվածություն՝ «անհրաժեշտության դեպքում զանգահարել միմյանց»։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մոտ ժամանակում պատրաստվում է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայի պատերազմը քննարկելու համար։ Կրեմլում, սակայն, հայտնել են, որ նման զրույց այս պահին չի պատրաստվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG