Ռուսական զորքերը սեպտեմբերի 5-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ կիրառելով 157 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարք և 7 հրթիռ, հայտնում է ուկրաինական ԶՈւ Օդային ուժերի հրամանատարությունը։
Խարկովի և Չեռնիգովի մարզերում հարվածների հետևանքով հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրամատակարարման։
Չեռնիգովի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Սելիվերստովը հայտնել է, որ հարվածներ են հասցվել կարևոր ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով՝ կենսական նշանակություն ունեցող օբյեկտները անցնում են այլընտրանքային էներգամատակարարման։
Ռուսական ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին։
Գործողությունը հաստատել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին, ով նաև հայտնել է, որ հարված է հասցվել ռուսական վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի նավթաբազային։
Դրոնային հարձակումներ են գրանցվել նաև Լիպեցկի մարզում։ Լեբեդյանում և Ելցում, ըստ հաղորդումների, վնասվել են բնակելի տներ, զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական ՊՆ-ն հաղորդում է տարբեր շրջաններում շուրջ 92 ուկրաինական դրոն ոչնչացնելու մասին։
Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին, Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Այն նախկինում ևս դարձել է ուկրաինական դրոնային հարձակումների թիրախ։