Մատչելիության հղումներ

Բաքվում սպասում են Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելուն


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Հայաստանի Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները պետք է արվեն»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը թուրքական TRT World-ին տված հարցազրույցում։

Ջեյհուն Բայրամովը պնդել է, թե այս հարցի շուրջ իր պահանջները Բաքուն դեռ երկու տարի առաջ է ներկայացրել. - «Խաղաղության շուրջ բանակցություններին զուգահեռ մենք շարունակաբար փոխանցել ենք այս ուղերձը Հայաստանին և անգամ 2023 թվականի մայիսին ներկայացրել՝ դրա հետ կապված բոլոր փաստարկներով և Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ ակտերի դրույթներով , որոնք թիրախավորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե այս պահանջը երկու հիմնավորում ունի՝ ոչ միայն իրավական, այլև՝ հոգեբանական։

«Մենք կարծում ենք, որ հանրաքվեով Սահմանադրությունը փոխելը նշան է, ինչ-որ առումով՝ հաստատում, որ հարևանների հանդեպ տևական ժամանակ շարունակված ագրեսիվ քաղաքականությունից հետո հայաստանյան հասարակությունը իրականում հասկանում է, որ դա սխալ քաղաքականություն էր»։

Ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հաջորդ պահանջն էլ Մինսկի խմբի լուծարումն է, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է․ - «Ամեն ինչ կախված է հայկական կողմի քայլերից։ Մենք երբեմն քննարկումներ ենք լսում Հայաստանում Սահմանադրությունը փոխելու ծրագրերի մասին, բայց հայտնի չէ՝ կոնկրետ ինչ փոփոխություններ են արվելու։ Հուսով ենք, որ Անկախության հռչակագրին հղումը կհանվի, մենք սպասում ենք դրան»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ առաջին անգամ ուղիղ տեքստով ասաց՝ նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով` դա իր քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը՝ ժողովուրդը:


XS
SM
MD
LG